«Հրապարակը» գրում է. «Երեկ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ: «Ավշարի» Գրիգորյան եղբայրներն Արարատում իրենց հաղթական կարիերան ու բիզնեսն սկսել են Վազգեն Սարգսյանի «օրոք» եւ օգնությամբ. Վազգենի հայրն ու Գրիգորյանների հայրը օղու համատեղ արտադրություն են ունեցել, հոկտեմբերի 27-ից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանները «վերցրել» են այդ բիզնեսը եւ սկսել են միայնակ տնօրինել «Հիսուն-հիսուն» օղու արտադրությունը` սահուն կերպով դառնալով Քոչարյանի ներկայացուցիչը մարզում:
Մինչ այսօր Սարգսյանների, նրանց կողմնակիցների, մասնավորապես Մանվել Ղազարյանի («Վեդի Ալկո») եւ Գրիգորյանների հարաբերությունները բարդ են: ՀՅԴ-ին տեւական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվել են հանրապետականներին եւ ջերմեռանդ պայքարել հանուն Սերժ Սարգսյանի: Սակայն ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ էլ համապատասխան հարգանք են դրսեւորել, երբ վերջինս ընտրական-հետընտրական այցերով գտնվել է Արարատի մարզում:
Գրիգորյանները 4 եղբայր են. երրորդ եղբայրը` Սուրիկ Գրիգորյանը, տեւական ժամանակ եղել է Ավշարի գյուղապետը: Վերջին ընտրությունների ժամանակ թույլ չեն տվել, որ նա ընտրվի, Գրիգորյանները գյուղապետարանի հաշվապահին դարձրել են գյուղապետ, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ վերջինս գրեթե չի երեւում գյուղապետարանի «կողմերում», ըստ ավշարցիների` գյուղապետարանի կնիքը նախկին գյուղապետի` Սուրիկի որդու ձեռքին է: Ընդհանրապես՝ Արարատում ցանկացած ընտրության ժամանակ վճռորոշ է եղել Գրիգորյանների կարծիքը: