ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն չի մոտենում Վաշինգտոնի հետ բանակցություններին։


«Խնդիրն այն է, որ իրանական կողմը լուրջ չի վերաբերվում բանակցություններին։ Եթե նրանք լուրջ են տրամադրված, ապա մենք նույնպես լուրջ ենք։ Եթե ոչ, ապա մենք կանենք ամեն անհրաժեշտ քայլ՝ պաշտպանելու մեր և մեր դաշնակիցների շահերը», - ասել է Ռուբիոն Մանիլայում՝ արտգործնախարարների հանդիպման ընթացքում։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտական ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը։

«Մենք բաց ենք և միշտ պատրաստ ենք լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով, և դա վերաբերում է նաև Իրանին», - ընդգծել է պետքարտուղարը։

Ռուբիոն նշել է, որ իրանական կողմը, «չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, չի կատարել ստանձնած պարտավորությունները»։

«ԱՄՆ-ն շարունակում է բաց մնալ դրական և կառուցողական բանակցությունների համար, եթե ստանձնած պարտավորությունները կատարվեն։ Երբ դրանք չեն կատարվում, ինչպես տեղի ունեցավ այս դեպքում, հետևանքներ են լինում, և դա անխուսափելի է», - հավելել է նա։

Խոսելով Հորմուզի նեղուցում նավարկության իրավիճակի մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «պահանջում է վերահսկելու նեղուցով նավերի տարանցումը, մինչդեռ գործող միջազգային իրավական որևէ մեխանիզմ նրան նման իրավունք չի տալիս»։

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։

«Եթե Մերձավոր Արևելքում նախադեպ ստեղծվի, երբ որևէ պետություն որոշի վերահսկել միջազգային ջրային ուղին, տուրք գանձել, իսկ չվճարելու դեպքում պայթեցնել նավերը, ապա դա չափազանց վտանգավոր նախադեպ կլինի, որը կարող է կրկնվել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում», - ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ հարցի առանցքում «նավարկության ազատության հիմնարար սկզբունքներն» են։