Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատության է ենթարկել նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի որոշումը՝ Էդվարդ Միլիբենդին արտգործնախարար նշանակելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ լեյբորիստների նախկին առաջնորդը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար:


Պահպանողական կուսակցությունից կառավարության նախկին ղեկավարը հայտարարել է, որ «Միլիբենդի անկարողությունը՝ հակադրվելու Բաշար Ասադին», «ուղղակիորեն հանգեցրել է Ուկրաինա Պուտինի առաջին ներխուժմանը», իսկ Կրեմլը «հիացած կլինի» այդ նշանակմամբ:


X ցանցում կիսվելով The Telegraph պարբերականի հոդվածով, որը քննադատում է Բըրնհեմի կադրային որոշումը, Ջոնսոնը գրել է.

«Լիովին ճիշտ է: Անվճռականությունը Բաշար Ասադի հարցում, որի համար Միլիբենդը մեծ մեղք է կրում, հանգեցրեց Ուկրաինա Պուտինի առաջին ներխուժմանը: Սոսկալի ընտրություն արտգործնախարարի պաշտոնում: Կրեմլը հիացած կլինի»:

Միլիբենդը ստանձնել է Ֆորին օֆիսի ղեկավարի պաշտոնը երկուշաբթի՝ նոր նախարարաց կաբինետի ձևավորման շրջանակում: Հաղորդվում է, որ նրա նշանակումը պայմանավորված է միջազգային աշխատանքի և բանակցություններ վարելու փորձով, երբ նա Քիր Սթարմերի կառավարությունում էներգետիկայի նախարար էր:

Ընդսմին, լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» այդ քայլով և զգուշացրել էր բրիտանացի վարչապետին նման որոշումից: Դոնալդ Թրամփի կաբինետը, եղած տվյալներով, հասկացնել է տվել, որ ամերիկյան կողմի համար դժվար կլինի փոխգործակցել Միլիբենդի հետ միջազգային հարցերում, դրանց թվում՝ կլիմայական նախագծերի վերաբերյալ նրա կոշտ դիրքորոշման և Հյուսիսային ծովում նավթի ու գազի արդյունահանման ընդլայնումից հրաժարվելու պատճառով: