Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման հետ կապված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում Լավրովը ցավակցություն է հայտնել իրանական նավաստու մահվան կապակցությամբ, որը զոհվել էր իրանական «Անա» բեռնանավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

«Ռուսաստանի արտգործնախարարը խորին ցավակցություն է հայտնել հուլիսի 25-ին իրանական «Անա» բեռնանավի վրա իրականացված ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով իրանցի նավաստու մահվան կապակցությամբ։ Նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։ Սերգեյ Լավրովը խնդրել է զոհվածի հարազատներին փոխանցել իր զորակցության խոսքերը և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի ռեժիմի նման «արկածախնդրական գործողությունները»։


Իրանի արտգործնախարարը Լավրովին տեղեկացրել է նաև Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի հարձակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել էր Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը՝ ընդգծելով, որ Թեհրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։