Իրանի զինված ուժերը թույլ չեն տա Հորմուզի նեղուցով անցնել այն ընկերությունների և երկրների նավերին, որոնք կհամաձայնեն վճարումներ ստանալ իրանական սառեցված ակտիվներից։ Այդ մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Աբոլֆազլ Զոլֆագարին, հայտնում է Mehr-ը։


Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ըստ որոնց բռնագրավված իրանական միջոցները հնարավոր է օգտագործվեն վերջին հակամարտության ընթացքում տուժած նավերին հասցված վնասը փոխհատուցելու համար։


«ԱՄՆ նախագահը, ագրեսիվ գործողություններից և տարածաշրջանն ապակայունացնելու շարունակական փորձերից հետո, հայտարարել է Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված պատերազմի ընթացքում վնասված նավերի համար Իրանի սառեցված ակտիվներից փոխհատուցումներ վճարելու ծրագրերի մասին»,- ասվում է իրանցի ռազմական ներկայացուցչի հայտարարության մեջ։

Զոլֆագարին այն ընկերություններին և պետություններին, որոնք կընդունեն Վաշինգտոնի առաջարկը, նախազգուշացրել է, որ նրանց նավերը կարող են բախվել սահմանափակումների ռազմավարական ջրային ուղով անցնելիս։

«Այս պահից սկսած Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը թույլ չեն տա նրանց նավերից և ոչ մեկին անցնել Հորմուզի նեղուցով»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է իրանական սառեցված ակտիվներից միջոցներ ուղղելու հնարավորությունը՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով առևտրային նավերին հասցված վնասը փոխհատուցելու համար։ Իրանը դեմ է արտահայտվում նման որոշմանը և պնդում է, որ Վաշինգտոնը խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։