«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ գույք, եկամուտներ, դրամական միջոցներ և պարտավորություններ է հայտարարագրել ԱԺ բարձրաստիճան պաշտոնյան։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Էդուարդ Խանզրադյանը հաշվետու տարվա ընթացքում ստացել է ընդհանուր 14 մլն 357 հազար 875 դրամ եկամուտ։ Այդ գումարից 12 մլն 136 հազար 258 դրամը կազմել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը, իսկ 2 մլն 221 հազար 617 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։
Խանզրադյանը հայտարարագրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին։ Նա շարունակում է տնօրինել նաև 2003 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը ստացել է նվիրատվության կարգով 2018 թվականին։

Պաշտոնյայի դրամական միջոցների մասով՝ տարվա վերջի դրությամբ բանկային հաշիվներում առկա է եղել 2 մլն 439 հազար 461 դրամ և 200.87 եվրո, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 մլն 400 հազար դրամ։ Համեմատության համար՝ տարվա սկզբին նա հայտարարագրել էր 17 մլն դրամ կանխիկ գումար։

Հայտարարագրում ուշագրավ է նաև այն, որ Էդուարդ Խանզրադյանը որպես պարտատեր ներկայացրել է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրված 22 մլն 653 հազար 612 դրամ փոխառություն, որը տարվա ընթացքում չի վերադարձվել և նույն չափով պահպանվել է տարվա վերջում։ Միաժամանակ պաշտոնյան ունեցել է նաև 21 մլն 297 հազար 168 դրամի վարկային պարտավորություններ, որոնցից 19 մլն 498 հազար 397 դրամը հիփոթեքային վարկ է։

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Խանզրադյանի գույքային պատկերը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Նա շարունակել է համատեղ սեփականության իրավունքով տիրապետել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարանին, որը ձեռք է բերել 1994 թվականին, ինչպես նաև 2003 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենային, որը ստացել է նվիրատվությամբ 2018 թվականին։
Հենց 2024 թվականին է նա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրել 22 մլն 653 հազար 612 դրամի փոխառություն, որը նույն չափով պահպանվել է նաև տարվա վերջի դրությամբ։ Դրամական միջոցների մասով բանկային հաշիվներում առկա գումարը տարվա ընթացքում աճել է՝ 3 մլն 796 հազար դրամից հասնելով 4 մլն 89 հազար դրամի, մինչդեռ կանխիկ դրամական միջոցները նվազել են՝ 19 մլն դրամից դառնալով 17 մլն դրամ։
Այսպիսով, 2024 թվականի ավարտին Էդուարդ Խանզրադյանի տնօրինության տակ եղած դրամական միջոցները կազմել են շուրջ 21 մլն 89 հազար դրամ, իսկ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրված փոխառության հետ միասին նրա ֆինանսական ակտիվները գերազանցել են 43,7 մլն դրամը։
Եկամուտների մասով պաշտոնյան տարվա ընթացքում ստացել է ընդհանուր 33 մլն 578 հազար 268 դրամ։ Այդ թվում՝ 10 մլն 734 հազար 295 դրամ աշխատավարձ Ազգային ժողովի աշխատակազմից, 19 մլն 821 հազար 902 դրամ վարկ Ինեկոբանկից, 2 մլն 100 հազար դրամ վարկ ՀայԷկոնոմԲանկից, 822 հազար 71 դրամ եկամտային հարկի վերադարձ և 100 հազար դրամ այլ եկամուտ։ Հաշվետու տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունները կազմել են 22 մլն 96 հազար 285 դրամ։

2023 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Խանզրադյանը նոր անշարժ կամ շարժական գույք չի ձեռք բերել և չի օտարել։ Նրա սեփականության մեջ շարունակել է մնալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին, ինչպես նաև 2003 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին։

Բանկային հաշիվներում առկա միջոցները տարվա ընթացքում աճել են՝ 516 հազար 498 դրամից հասնելով 3 մլն 796 հազար դրամի։ Միաժամանակ կանխիկ միջոցները նվազել են՝ 20 մլն դրամից դառնալով 19 մլն դրամ։ Եկամուտների բաժնում պաշտոնյան հայտարարագրել է ընդհանուր 12 մլն 184 հազար 824 դրամ եկամուտ, որից 10 մլն 184 հազար 824 դրամը ստացել է որպես աշխատավարձ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 2 մլն դրամը՝ որպես ստացված վարկ կամ փոխառություն ՀայԷկոնոմԲանկից։
Տարվա վերջի դրությամբ նա ունեցել է 2 մլն 350 հազար դրամ վարկային պարտավորություններ։ Հայտարարագրում բացակայում են բաժնետոմսերը, բիզնեսներում մասնակցությունը, բանկային ավանդները, կրիպտոարժույթները, թանկարժեք գույքն ու այլ ներդրումները։ Չեն արձանագրվել նաև 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախսեր, նվիրատվություններ կամ անշարժ գույքի վերանորոգման զգալի ծախսեր։

2022 թվականի հայտարարագիրը ևս վկայում է համեմատաբար կայուն գույքային պատկերի մասին։ Խանզրադյանը շարունակել է ունենալ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը և 2003 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենան։
2022 թվականի սկզբին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 554 հազար 376 դրամ, իսկ տարեվերջին՝ 516 հազար 498 դրամ։ Միաժամանակ կանխիկ միջոցներն աճել են՝ 19 մլն դրամից հասնելով 20 մլն դրամի։
Եկամուտների բաժնում նշված է, որ նա Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 10 մլն 427 հազար 812 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, ստացել է 600 հազար դրամ վարկ, իսկ տարեվերջին նույն չափով պահպանվել է նաև վարկի մայր գումարի մնացորդը։ Հատկանշական է, որ այդ տարվա հայտարարագրում ևս բացակայում են բաժնետոմսերի, ներդրումների, ավանդների և թանկարժեք գույքի վերաբերյալ տվյալները։

2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ բանկային հաշիվներում նրա միջոցները տարվա ընթացքում նվազել են՝ 1 մլն 580 հազար 726 դրամից հասնելով 554 հազար 376 դրամի։ Փոխարենը աճել են կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամից դառնալով 19 մլն դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ 2021 թվականին Խանզրադյանը ստացել է ընդհանուր 7 մլն 566 հազար 813 դրամ եկամուտ։ Այդ գումարից 3 մլն 801 հազար 500 դրամը կազմել է Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, 3 մլն 247 հազար 902 դրամը՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձը, իսկ 517 հազար 411 դրամը՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացված վարկը։
Տարվա վերջի դրությամբ նա ունեցել է նաև 517 հազար 411 դրամի վարկային պարտավորություն։