Միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ հազվադեպ հալյուցինացիաները, որոնց ժամանակ մարդիկ տեսնում են «փոքրիկ մարդուկների», առաջացնում է նույն տեսակի սունկը՝ Lanmaoa asiatica-ն։ Ընդ որում, գիտնականները դրա մեջ չեն հայտնաբերել հայտնի հոգեներգործող նյութերից և ոչ մեկը, ինչը վկայում է նախկինում անհայտ հալյուցինածին միացության գոյության մասին։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mycologia ամսագրում։
Տասնամյակներ շարունակ Չինաստանի, Ֆիլիպինների և Պապուա Նոր Գվինեայի հեռավոր շրջանների բնակիչները միմյանցից անկախ պատմել են վայրի սունկ ուտելուց հետո առաջացած անսովոր տեսիլքների մասին։ Մարդիկ նկարագրել են գրեթե միանման հալյուցինացիաներ՝ փոքրիկ մարդուկներ, որոնք շարժվում էին և փոխազդում շրջակա աշխարհի հետ։ Այս պատմությունների՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հերոսների հետ ունեցած նմանության պատճառով երևույթը ստացել է լիլիպուտական հալյուցինացիաներ անվանումը։
Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ նման պատմությունները կարող էին լինել մշակութային ավանդույթների հետևանք, այլ ոչ թե հենց սնկի ազդեցության արդյունք։ Սակայն ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ Չինաստանում և Ֆիլիպիններում միանման ախտանիշներ առաջացրած սնկերը պատկանում են նույն տեսակին՝ Lanmaoa asiatica-ին։
Հետազոտողները նաև պարզել են, որ սունկը չի պարունակում ոչ պսիլոցիբին, ոչ էլ այլ հայտնի հոգեներգործող նյութեր։ Նրանց կարծիքով՝ անսովոր ազդեցությունն առաջացնում է գիտությանը դեռևս անհայտ միացություն, որը դեռ պետք է պարզել և ուսումնասիրել։
Աշխատության հեղինակները կարծում են, որ հայտնագործությունը կարող է օգնել ոչ միայն բացատրել հազվադեպ հալյուցինացիաների ծագումը, այլև ընդլայնել գիտելիքներն ուղեղի աշխատանքի, ընկալման մեխանիզմների և գիտակցության բնույթի մասին։ Բացի այդ, նոր նյութի ուսումնասիրությունը պոտենցիալ առումով կարող է օգտակար լինել նյարդաբանական հիվանդությունների հետազոտությունների համար։


