Ուկրաինան Թուրքիայից ձեռք է բերել ամերիկյան սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում՝ 70 ATACMS բալիստիկ հրթիռ, 12 M270 MLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ավելի քան 2 հազար կասետային զինամթերք և 47 հազար հրետանային արկ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության ծանուցման մեջ, որը գրանցվել է Կոնգրեսի նյութերում օգոստոսի 6-ին։
Սպառազինության փոխանցումը, ինչպես ակնկալվում է, կսկսվի օգոստոսի վերջին։ Գործարքի արժեքը սպառազինության նախնական գնման գնով կազմում է մոտ 280 մլն դոլար։
Փաթեթում ներառված են M39 ATACMS հրթիռներ՝ ամերիկյան տակտիկական բալիստիկ հրթիռի ավելի վաղ մոդիֆիկացիան՝ շուրջ 165 կմ հեռահարությամբ։ Մատակարարումը կկազմակերպեն մի քանի մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ թուրքական MKE, ASFAT և ARCA Savunma, բուլղարական VTIC International և ամերիկյան Pansophico ու Patriot Defense Group ընկերությունները։
ԱՄՆ Պետքարտուղարության տվյալներով, Թուրքիան մտադիր է կրճատել հնացած սպառազինության պաշարները՝ ֆինանսական ռեսուրսներն ուղղելով արդիականացմանն ու առկա համակարգերի պահպանմանը։ Ուկրաինան, իր հերթին, հույս ունի ուժեղացնել իր հարձակողական և պաշտպանական կրակային աջակցության հնարավորությունները։ Վաշինգտոնում հայտարարել են, որ գործարքը համապատասխանում է անվտանգության ոլորտում ամերիկյան քաղաքականության նպատակներին։
Ամերիկյան սպառազինության փոխանցումը Ուկրաինային Թուրքիայի միջոցով հնարավոր է դարձել վերաարտահանման ընթացակարգի շրջանակում։ Ամերիկյան զենքի արտահանման վերահսկողության մասին օրենքի համաձայն, Կոնգրեսը պետք է քննարկի ամերիկյան սպառազինությամբ նման գործարքները, եթե մատակարարման սկզբնական արժեքը գերազանցում է 14 մլն դոլարը։ Եթե երկու շաբաթվա ընթացքում Կոնգրեսը չընդունի համատեղ բանաձև, որն արգելում է վերաարտահանումը, փոխանցումն, ինքնընստինքյան, թույլատրված կլինի։
Ուկրաինան առաջին M39 ATACMS հրթիռները ստացել է 2023 թվականի աշնանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից։ 2024 թվականի գարնանը Վաշինգտոնը սկսեց Կիևին մատակարարել հրթիռների ավելի ժամանակակից տարբերակներ՝ մինչև 300 կմ հեռահարությամբ։ Սկզբում Ուկրաինային թույլատրվում էր ATACMS-ը կիրառել միայն օկուպացված տարածքներում գտնվող թիրախների դեմ, սակայն 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն թույլ տվեց այս հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին։
Ինչպես տեղեկացնում է The Kyiv Independent-ը, վերջին տարվա ընթացքում Ուկրաինան ATACMS-ը կիրառել է ընդամենը մի քանի անգամ, քանի որ այդ հրթիռների նրա պաշարները զգալիորեն կրճատվել են։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ինքն էլ բախվել է ATACMS-ի պակասի՝ Իրանի հետ պատերազմից հետո։


