Երեկ ՀՊՃՀ-ում տեղի է ունեցել արհմիությունների նիստ, որի ժամանակ ներկայացվել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրության նոր համակարգը, որն էլ դժգոհություն է առաջացրել անձնակազմի մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, ներկայացնելով նոր համակարգի էությունն ու դրան անցնելու անհրաժեշտությունը:

«Ըստ ծրագրերի յուրաքանչյուր թեմային առանձնացվում են դասախոսությունները, գործնական պարապմունքները, այլ աշխատանքները: Տարբեր բուհեր տարբեր կերպ են վճարում դասախոսների աշխատավարձը: Մենք որոշեցինք դնել տարբերակում, դասախոսության ժամն ավելի շատ պետք է արժենա, քան կոնսուլտացիան, գործնական աշխատանքը պետք է ավելի շատ վճարվի, քան ստուգարքները», - պարզաբանեց նա:

Ռեկտորը նշեց, որ որոշել են տարբերակված ժամարժեքներ սահմանել, որի միջոցով ստացվում է միջին թիվ, որը վերցվում է որպես սկզբնակետ և այդ կերպ,  ռեկտորի խոսքերով, պրոֆեսորի դասախոսությունը ստացվում է մի գումար, դոցենտինը մի գումար, դասախոսությունն այլ գումար, ոչ լսարանային ժամերն՝ այլ գումար:

«Պրոֆեսորի դեպքում ոչ լսարանային ժամն արժե լսարանայինի 37. 5 տոկոսին մոտավոր», - նշեց նա, հավելելով, որ հաշվարկներ է արվում և ով ինչ ծանրաբեռնվածությամբ աշխատի, այնքան էլ կստանա: «Ինչքան աշխատես՝ այնքան էլ կստանաս», - հայտարարեց նա:

Նա նշեց, որ եղել են բուհում խաբեություններ և ութ ժամ աշխատելու դեպքում ներայացվել է կրկնակի և, հետևաբար, դասախոսը ստացել է ավելի շատ, քան՝ աշխատել է: Ռեկտորի խոսքերով, դա արել են ամբիոնի վարիչները, սակայն միաժամանակ նա նշեց, որ չի պատրաստվում պատժել ոչ ոքի:

Ռեկտորի խոսքերով, երեկվա նիստի ընթացքում այս որոշումը ներկայացնելուց պրոֆեսորադասախոսական կազմի մոտ եղել են բողոքներ, որոնց մեջ եղել է այնպիսի հարցադրում, թե ինչու են պակասեցնում ոչ լսարանային ժամերը:

«Մյուս մեղադրանքը, որ մեր պրոֆեսորներից մեկը ինձ անվանել էր դեսպոտ, ասելով, որ ես բոլորին ճնշած վիճակում եմ պահում: Դեսպոտ չեմ ժողովուրդ, ճիշտն ասած», - նշեց նա:
Ռեկտորի խոսքերով, այն ինչ երեկ դահլիճում տեղի է ունեցել՝ իր համար անսպասելի էր և համալսարանականի համար անընդունելի: «Ես ազնիվ խոսքով պետք է հիմնավորեմ հենց թվերի տեսքով: Կարող է նա անտեղյակ է, կարող է տեղյակ է, բայց շփոթմունքի մեջ է: Պետք է թվերով բացատրես, ուրիշ լեզու ես չեմ վստահում, ճիշտ հաշվարկներ ներկայացնել, բացատրել գործընթացը», - նշեց նա:

Նիստի ավարտին ռեկտորն իր ամփոփ խոսքում նշել է, որ իրենք 2012-ին աշխատավարձերի բարձրացում անելով, չեն իմացել հարկային նոր դաշտի կանոնների մասին, որոնք այս տարվա սկզբին ի հայտ եկան և ներքին շեմ սահմանվեց:

«Ես երբ եկել էի համալսարան, մեծ էր այն աշխատողների թիվն, ովքեր ստանում էին 40.000 պլյուս-մինուսով, ես չէի կարող սպասել, մարդիկ էին աշխատում: Բարձրագույն կրթությամբ մարդն այդքան էր ստանում: Երբ հարկի նոր որոշումը եղավ, մեզ մոտ երկու անգամ այնպիսի բարձրացում եղավ: Մենք շատ քիչ ենք բարձրացրել բուհերի վարձը, որպեսզի բարձր տեխնոլոգիաներով ապահովությունը կարողանանք ապահովել: Այդ գումարը պետք է գնա այդ լրացուցիչ բաների պահպանմանը», - նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչքան կնվազի աշխատավարձերը, նա նշեց, որ, եթե ամբիոնների կողմից ճիշտ բաշխում լինի, ուրեմն իրենց նորմատիվից ցածր կստանան 6000-8000, իսկ եթե սխալ է տեղաբաշխվում, կարող է ահռելի թիվ կազմի նրանց մոտ ցածրացումը:
Անդրադառնալով հաստիքների կրճատումներին, նա նշեց, որ կրճատվող հաստիքները պետք է լիներ հիսուներեք լաբորատորական հաստիք և հարյուր յոթ դասախոսական հաստիք:

«Լաբորանտների մասով հիսուն երեք չի ազատվել, ազատվել է ավելի քիչ լաբորանտ: Շատ կուզենայի, որ մեր եկամուտներն այնքան լինեին, որ անցյալ տարվա պայմաններն ապահովվեին: Ուսման վարձավճարների բարձրացումը ընդամենը վերաբերում են առաջին կուրսեցիներին և ուղղվել է լաբորատորիաների սարքավորումների պահպանմանն ու ավելացմանը», - նշեց նա:
Ռեկտորի ներկայացմամբ, աշխատավարձերի բարձրացածների թիվն ավելի քիչ է, քան այն մարդկանց մոտ ում մոտ իջել է այն:

«Բողոքներին նորմալ եմ վերաբերվում, բայց այն ինչ ձևով, որ կազմակերպվեց և թե իրենք ինչպես իրենց պահեցին երեկ արհմիությունների նիստին, չէր սազում գրագետ մարդուն և առհասարակ մարդկային տեսակին», - եզրափակեց նա: