Երբ երկու շաբաթ առաջ Բենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը հանդիպեցին Օվալաձև աշխատասենյակում, ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես են նրա վարկանիշները ընտրություններից առաջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին։


Նեթանյահուն շփոթվեց։ Այնուհետև նրա խորհրդականներից մեկը շտապեց միջամտել. «Պարոն նախագահ, նա հաղթում է», — հայտարարեց օգնականը։


Նեթանյահուն չի հաղթում։ Եվ այս պահին Թրամփը դեռ չի ցուցաբերել նրա համար այդքան ցանկալի աջակցությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ լրագրողների բազմակի հարցումներին։ ԱՄՆ նախագահը դեռ կարող է փոխել միտքը։ Սակայն մինչև ընտրությունները մնացել է ընդամենը 75 օր, և Նեթանյահուի ժամանակն արագ սպառվում է, գրել է Axios-ը։

Հարցումների համաձայն՝ Նեթանյահուի ներկայիս կոալիցիան կարող է հույս դնել միայն 49–53 մանդատի վրա․ դա զգալիորեն պակաս է այն 68 տեղից, որոնք նա այժմ ունի, և կառավարության ձևավորման համար անհրաժեշտ 61 մանդատից։

Իսրայելի ընդդիմադիր կուսակցությունները, ընդհակառակը, ստանում են 67-ից 70 տեղ։ Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) նախկին շտաբի պետ Գադի Այզենկոտը, հարցումների մեծ մասում ունի ավելի բարձր ժողովրդական աջակցություն։

Այնուամենայնիվ, Նեթանյահուի համար հաղթելը պարտադիր չէ։ Նրան բավական է, որ չպարտվի։ Նրա գլխավոր խնդիրն այս պահին բավարար թվով ձայներ ապահովելն է, որպեսզի թույլ չտա հակառակորդներին ձևավորել կառավարություն առանց արաբա-իսրայելական կուսակցությունների աջակցության։

Եթե դա նրան հաջողվի, և կողմերից ոչ մեկը չկարողանա ձևավորել կոալիցիա, Նեթանյահուն ևս մի քանի ամիս կմնա վարչապետի պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Այս պահին նման սցենարը լիովին իրատեսական է։

Իրանի հետ պատերազմի առաջին շաբաթներին Թրամփի որոշ մերձավոր խորհրդականներ վստահ էին, որ նա կաջակցի Նեթանյահուին։ Այդ շրջանում Թրամփը բարձրաձայն հանդես էր գալիս այն բանի օգտին, որ Նեթանյահուին շնորհվի ներում, որը կփակի նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքներով դատավարությունը։

Սակայն ժամանակի ընթացքում, երբ պատերազմը ձգձգվեց, Թրամփի և Նեթանյահուի արտաքին քաղաքական նպատակներն ու ներքաղաքական շահերը սկսեցին տարամիտվել։

Վերջին երեք ամիսների ընթացքում նրանց միջև լուրջ ճեղք է առաջացել՝ ոչ միայն Իրանի, այլև Լիբանանի և Գազայի հարցերում։

Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ թեև Թրամփը անձնական մակարդակում լավ է վերաբերվում Նեթանյահուին, նա հիասթափված է նրա որոշումներից և քաղաքականությունից։ «Բիբին ինքն իր ամենավատ թշնամին է», — ասել է Թրամփն ըստ երկու անձանց, որոնք վերջերս նրա հետ քննարկել են Իսրայելի վարչապետին։

Նրանց հարաբերությունները բարդացրած վերջին դրվագը դարձավ Նեթանյահուի հրապարակային հրաժարումը Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագրին աջակցելուց, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տանը Նեթանյահուի կիրակի արած հայտարարությունը գնահատում են որպես նախընտրական պայքարի տարր, այլ ոչ թե որպես քաղաքականության պաշտոնական հայտարարություն։

«Մենք հասկանում ենք Բիբիի քաղաքական կարիքները։ Մենք դրա հետ խնդիր չունենք, քանի դեռ նա շարունակում է կատարել մեր պահանջները՝ հատկապես Գազայի հատվածին հասցվող հարվածները զսպելու մասով», — ասել է ամերիկացի պաշտոնյան։

Անցյալ շաբաթ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ և խոստացել է հնարավորություն տալ խաղաղության ծրագրին՝ չնայած իր թերահավատությանը։ Նա նաև պարտավորվել է սահմանափակել Գազային հասցվող հարվածները, որպեսզի սկսվի ապառազմականացման գործընթացը, հայտնել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Այդ ժամանակից ի վեր Իսրայելը զգալիորեն ավելի քիչ հարվածներ է հասցրել Գազային, իսկ ՑԱԽԱԼ-ը հետ է քաշվել դեպի «Դեղին գիծ»՝ այն սահմանը, որտեղ պետք է գտնվեր համաձայնագրի շրջանակում։

Չորս աղբյուրների տվյալներով՝ հաջորդ շաբաթ Քուշները ծրագրում է այցեր կատարել Իսրայել՝ Նեթանյահուի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների համար, Գազայի ծրագրի քննարկման նպատակով։

Նեթանյահուի մի քանի քաղաքական հակառակորդներ՝ ներառյալ Գադի Այզենկոտը, ինչպես նաև նախկին վարչապետեր Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը, անհանգստություն են հայտնել, որ Թրամփը, այնուամենայնիվ, կաջակցի գործող վարչապետին,

Ընդդիմադիր գործիչներն ընդհանուր ընկերների, հովանավորների և այլ քաղաքական դաշնակիցների միջոցով Թրամփին և նրա շրջապատին ոչ պաշտոնական ազդակներ են փոխանցել՝ կոչ անելով պահպանել չեզոքությունը։

Իրավիճակին տեղյակ ԱՄՆ նախկին պաշտոնյան ասել է, որ հարցումներում Նեթանյահուի դիրքերի թուլությունը Թրամփին հետ է պահել ուղիղ միջամտությունից։

Թրամփն Իսրայելում վայելում էր հսկայական ժողովրդականություն, սակայն վերջին երեք ամիսների ընթացքում նրա հեղինակությունն այնտեղ խարխլվել է Իրանի հետ գործարքի և դրա խախտումից հետո էսկալացիայից հետ կանգնելու որոշման պատճառով։ Իսրայելցիները նաև դժգոհություն են հայտնում այն սահմանափակումներից, որոնք Թրամփը դրել է Իրանում, Գազայում, Սիրիայում և Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա։

Վերջին շաբաթներին լրագրողները չորս անգամ հարցրել են Թրամփին՝ մտադի՞ր է արդյոք աջակցել Նեթանյահուին։ Ամեն անգամ նա խուսափել է ուղիղ պատասխանից։

«Իսրայելում կա՞ նրանից լավ մեկն այս աշխատանքի համար», — հուլիսին հարցրել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթը։ Նախագահը խուսափել է պատասխանից. «Դե, նրանց մեծ մասին ես չեմ ճանաչում։ Ոմանց, իհարկե, ճանաչում եմ, բայց մեծ մասին չեմ ճանաչում», — ասել է նա՝ նկատի ունենալով Նեթանյահուի ընդդիմախոսներին։

Վերջին մի քանի հարցազրույցներում Թրամփը գովել է Նեթանյահուին այն բանի համար, որ նա «պատերազմական ժամանակների մեծ վարչապետ» էր, բայց ամեն անգամ նրա մասին խոսել է անցյալ ժամանակով։

Թեև իսրայելցի պաշտոնյաները պնդում էին, որ վերջին հանդիպման ժամանակ Թրամփը մասնավոր կարգով բարձրացրել էր ներում շնորհելու հարցը, նախագահը հրապարակավ այդ մասին արդեն մի քանի ամիս է՝ չի հիշատակում։

Ինչ պետք է հաշվի առնել

Իսրայելի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Թրամփի մերձավորարևելյան օրակարգի համար՝ իշխանության իր մնացած երկու տարիների ընթացքում, հատկապես հաշվի առնելով, որ իրանական ճգնաժամը մնացել է «ո՛չ գործարք, ո՛չ պատերազմ» կախյալ վիճակում։

Թրամփը նաև մտադիր է առաջ մղել Գազայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը, հասնել առաջընթացի Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններում, կնքել անվտանգության համաձայնագիր Իսրայելի և Սիրիայի միջև և, ամենակարևորը, պատմական խաղաղության գործարք կնքել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև։

Թրամփը և նրա թիմը հիշում են 2019 թվականի Իսրայելի քաղաքական ճգնաժամը, որը հանգեցրեց երեք անընդմեջ ընտրությունների և տևեց Մերձավոր Արևելքում դիվանագիտական ջանքերի մի ամբողջ տարի։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տունը չի կրկնի անցյալի սխալները և թույլ չի տա, որ Իսրայելի ներքին քաղաքականությունն արգելակի տարածաշրջանային օրակարգը։