ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը պետք է «բարձրացնի կապիտուլյացիայի սպիտակ դրոշը»։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Թրամփը նաև հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ խաղաղ բանակցությունների համար գաղտնի ալիքի առկայությունը։


«Նրանք պետք է բարձրացնեն կապիտուլյացիայի սպիտակ դրոշը», — հայտարարել է Թրամփը՝ հաստատելով ԻՀՊԿ-ի հետ կուլիսային բանակցությունների մասին հաղորդումները, հավելելով, որ դրանք ընթանում են միջնորդներին և իրանցի քաղաքական պաշտոնյաներին շրջանցելով։


Թեև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է երկուշաբթի օրը, Թրամփը նշել է, որ դեռ ժամանակ կա խաղաղության հասնելու և Իրանի կողմից իր հիմնական պահանջը կատարելու համար։ «Թիվ մեկ նպատակը կա և միշտ կլինի այն, որ Իրանը որևէ պարագայում չի կարող միջուկային զենք ունենալ», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ մոտավորապես այն նույն ժամին, երբ բացառիկ հեռախոսազրույց է ունեցել Fox News-ի թղթակից Թրեյ Ինգստի հետ։

«Ես որևէ ժամանակացույց չունեմ, — ասել է Թրամփը, — ես ոչ մի տեղ չեմ շտապում»։

Նա հաստատել է, որ ԱՄՆ պաշտոնյաները փակ ալիքներով ուղիղ կապ են պահպանում ԻՀՊԿ-ի ներկայացուցիչների հետ։ «Նրանք լավ պոկեր խաղացողներ են, բայց մահանում են», — նշել է Թրամփը։

Մինչ ենթադրություններ են շրջանառվում, թե Իրանը հավատարիմ է մնում Թրամփի դեմ ժամանակ շահելու իր բազմամյա ռազմավարությանը՝ ընդհուպ մինչև միջանկյալ կամ 2028 թվականի ընտրությունները, Թրամփը հերքել է այն պնդումը, թե քաղաքականությունն է որոշում իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ռազմական ռազմավարությունը։

«Միջանկյալ ընտրությունները դրա հետ որևէ կապ չունեն», — հայտարարել է նա։

Թրամփը նաև սպառնալիք է հնչեցրել Օմանի հասցեին՝ պատասխանելով Իրանի շուրջ բանակցություններում Պարսից ծոցի այս երկրի դերի մասին հարցին։ «Եթե Օմանը կանգնի մեր ճանապարհին, մենք նրանց կռմբակոծենք և կուղարկենք գրողի ծոցը», — ասել է Թրամփը։

Այնուհետև նախագահը ուշադրությունը տեղափոխել է Իսրայելի վրա։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ես զերծ մնամ Իսրայելում տեղի ունեցող ընտրություններից, բայց ես կարող եմ ինչ-որ մեկին աջակցել», — ասել է Թրամփը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելը չպետք է հարվածներ հասցնի Գազայի հատվածին, քանի որ շարունակվում են ծրագրի հաջորդ փուլի առաջմղման ջանքերը, որը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում։ «Մենք մեր հարաբերություններն ունենք ՀԱՄԱՍ-ի հետ, — ասել է Թրամփը։ — Նրանք հանձնում են զենքը»։

Չնայած այն բանին, որ Իսրայելը հրաժարվում է վստահել ՀԱՄԱՍ-ին, Թրամփը ակնարկել է, որ կկարողանա խաղաղություն կնքել ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Իսրայելի հետ։

Թրամփը նաև հերքել է այն մտահոգությունները, թե հակամարտությունը կարող է ծանրաբեռնել ամերիկյան զինանոցը՝ նսեմացնելով արդեն օգտագործված ամերիկյան կրակային հզորության ծավալը։ «Այն, ինչ մենք օգտագործել ենք, պարզապես չնչին բան է, — ասել է Թրամփը։ — Մենք շատ միջին դասի զենք ունենք»։