Կառավարության կողմից արդեն ներկայացվել է 2014 թ. բյուջեի նախագիծը: Այն հաստատվել է եկամուտների գծով 1 տրիլիոն 134 մլրդ դրամ` 2,78 մլրդ դոլար, իսկ ծախսերի գծով 1 տրիլիոն 244 մլրդ դրամի չափով` 3,06 մլրդ դոլար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպպման ժամանակ խոսեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա ներկայացրեց 2014 թ. պետբյուջեի նախագիծը և իր դիտարկումները` կապված տնտեսության զարգացման հեռանկարների հետ:

Նրա փոխանցմամբ` բյուջեի պակասուրդը 110,5 մլրդ դրամ է, որը համարժեք է 270 մլն դոլարին:

«Հիմա ինչպիսին է մեր տնտեսության վիճակը. եթե նայում ենք, ապա արդյունաբերության մակարդակն այսօր ՀՆԱ-ի մեջ կազմում է 60 տոկոս, որը շատ քիչ է, և մեր խնդիիրն է բարձրացնել արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ, մինչև առաջիկա մի քանի տարիներում մինչև 30-35 տոկոս:
Խորհրդային տարիներին ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության մասնաբաժինը եղել է 67 տոկոս, դրա համար մենք ունեցել ենք հզոր տնտեսություն, իսկ ֆիզիկական առումներով` 9,2 մլրդ ռուբլու արդյունաբերական արտադրանք ենք տվել: Այս տարվա առումներով, եթե տարին փակվի, 1 մլրդ դոլարի արդյունաբերկան արտադրանք կունենանք, այսինքն` մոտավորապես 8-8,5 անգամ ավելի քիչ, քան 1988թ ենք ունեցել արդյունաբերական արտադրանքների արտադրության ծավալն էր, իսկ եթե դրամի և դոլարի հարաբերությամբ, և ռուբլու և դոլարի հարաբերությամբ նայենք, մեր արդյունաբերությունը բավականին լուրջ անկում է ապրել»,- գնահատեց Վազգեն Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերով` իրենց խնդիրն է նպաստել իրենց աջակցությամբ և վերլուծություններով կառավարությանը, որպեսզի ավելի մեծ ներդրումներ արվեն արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Պետությունը պետք է ներդրումային քաղաքականություն իրականացնի:

«Գիտեք, որ կառավարությունը գործառույթ է գործարկել եվրոբոնդերի ծրագրի իրականացման ուղղությամբ, և 150-ից ավելի տնտեսվարողներ, անհատներ ցանկություն են հայտնել բոնդեր ձեռք բերել Հայաստանից և դառնալ բաժնետեր: Դրա ծավալը կարող է լինել մինչև 2-2,5 մլրդ դոլար ծավալի սահմաններում: Եվրոբոնդեր գնողների օգնությամբ` հաջողվել է 500 մլն դոլարի չափ գումար կուտակել և փակել ռուսական վարկը, որը մենք վերցրել էինք 2009 թվականին` ճգնաժամի գործառույթները հաղթահարելու համար»,- ասաց Սաֆարյանը: Նա նաև հավելեց, որ իրենց համառությամբ և նախանձախնդրությամբ պահանջելու են կառավարությունից, որ տնտեսության հիմնական սեկտորներում լուրջ ներդրումներ արվեն, որպեսզի արդյունաբերության մակարդակը հնարավոր լինի բարձրացնել: Դրա համար կան ծրագրեր: Օրինակ, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգոբլոկի կառուցումն է, որի համար կպահանջվի 400 մլն դոլար: Սաֆարյանը հայտնեց, որ այդ մասին կառավարությանն արդեն իրազեկել են, և պետք է եվրոբոնդերն ուղղեն այդ ծրագրի համար, որը իրանական գազի վրա աշխատող ՋԷԿ է, որն էլ յուրաքանչյուր 3 խորանարդ մետր գազի դիմաց կմատակարարի իրանական կողմին 9 կվ ժամ էլետրոէներգիա, և մեր բաշխիչ ցանցերին կմատակարարի 3,2 մլրդ կվժամ էլեյտրոէներգիա, որը մեր ամբողջ էլեկտրոէներգիայի ծախսի 50 տոկոսն է կազմում, ինչը կլինի ցածր արժեքով և մենք կունենանք էներգակիրների գնի իջեցում: Նրա խոսքերով` էներգիան այսօր տնտեսության լոկոմոտիվն է, որը կնպաստի, որպեսզի մեր ապրանքային արտադրության մեջ էներգիայի մասնաբաժինը նվազի և մեր արտադրանքն ավելի մրցունակ ու շահեկան լինի: