Օգոստոսի 22-23-ը Վրաստանի հեղինակավոր Rustavi International Motorpark ավտոդրոմում կայացավ «Վրաստանի քարթինգի վարպետներ» (Georgian Kart Masters 2026) առաջնության երրորդ փուլը։ Հայաստանը ներկայացնող թիմի համար մրցարշավն ավարտվեց տպավորիչ արդյունքով. 14-ամյա ավտոմրցարշավորդ Սամվել Համբարձումյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ բարձրանալով միջազգային մրցաշարի պատվո հարթակ։


«Վրաստանի քարթինգի վարպետներ» առաջնությունը, որն ընդհանուր առմամբ բաղկացած է հինգ բարդագույն փուլից, տարածաշրջանի ամենամրցունակ հարթակներից է, որտեղ ստուգվում են թե՛ մարզիկների տեխնիկական պատրաստվածությունը, թե՛ հոգեբանական կայունությունը։


Այս փուլում Հայաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս GRT Karting պրոֆեսիոնալ թիմը՝ չորս մարզիկներով. Սամվել Համբարձումյան, Ռոդիոն Կռիլով, Միխայիլ Բելիշև և Դավիթ Բաղդասարյան։ Այս ընդլայնված կազմով և լրջագույն տեխնիկական բազայով ներկայանալը վկայում է այն նպատակաուղղված աշխատանքի մասին, որը վերջին շրջանում արվում է հայկական ավտոսպորտը միջազգային ստանդարտների բերելու ուղղությամբ՝ շարունակելով նախորդ միջազգային արձանագրված զարգացման տեմպը։

 

Թիմի գլխավոր մարզիչ և գործող մրցարշավորդ Ռոդիոն Կռիլովը, ով նույնպես պայքարում էր Ռուսթավիի բարդ ոլորաններում, ընդգծում է արդյունքի հետևում կանգնած համակարգված աշխատանքի կարևորությունը. «Այս փուլը պահանջում էր առավելագույն կենտրոնացում։ Ռուսթավիի մրցուղին սխալներ ու կասկած չի ներում. այստեղ արագությունը միայն գազի ոտնակը սեղմելը չէ, դա միլիմետրերի ճշգրտություն և ռազմավարություն է։ Սամվելը ցուցաբերեց իր տարիքին բոլորովին ոչ բնորոշ հասունություն ու սառնասրտություն։ Նախորդ միջազգային ելույթներում մեր կուտակած փորձն ու անդադար մարզումներն արդեն տալիս են իրենց պտուղները։ Մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանը պարզապես մասնակից չէ. մենք գալիս ենք մրցակցելու և հաղթելու»։

14-ամյա Սամվել Համբարձումյանի համար այս արդյունքը դարձավ անզիջում բնավորության և թիմային ճիշտ ռազմավարության ապացույց։ Չնայած լարված մրցակցությանը՝ նա կարողացավ պահպանել կայուն տեմպն ու գրավել երրորդ հորիզոնականը։

Խոսելով իր հաջողության և ապագա անելիքների մասին՝ Սամվել Համբարձումյանը նշում է. «Պատվո հարթակին կանգնելը և Հայաստանի դրոշը բարձրացնելը մեծագույն հպարտություն է, բայց ես սա համարում եմ միայն կարևոր միջանկյալ կետ։ Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս մրցուղի, գիտակցում եմ այն հսկայական աշխատանքն ու պատասխանատվությունը, որն ինձ վրա դրված է։ Մրցավազքը շատ ծանր էր, բայց ես հստակ գիտեի իմ խնդիրը»։

Հայկական թիմի այս հաջողությունը հերթական անգամ ապացուցում է մեր այն համոզմունքը, որ ճիշտ ինստիտուցիոնալ մոտեցման և պրոֆեսիոնալ ենթակառուցվածքների առկայության դեպքում հայկական ավտոսպորտն ունի բոլոր նախադրյալները՝ դուրս գալու համաշխարհային ասպարեզ և թելադրելու իր կանոնները։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում անցկացված Համահայկական քարթինգի մրցաշարի լավագույն մարզիկները իրավունք են ստացել ներկայացնելու մեր երկիրը Հունաստանում կայանալիք միջազգային առաջնությունում։ Մեր մարզիկների այս հաջողությունները թե՛ Վրաստանի, թե՛ սպասվող հունական մրցուղիներում փաստում են հայկական ավտոսպորտի համակարգված ու ընդլայնվող աշխարհագրության մասին։