«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է հանդիպել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այն տնակների բնակիչների հետ, որոնց տները երեկ փորձում էին քանդել։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Շենգավիթ վարչական շրջանում փորձել էին քանդել վեց տնակ, սակայն բնակիչները կտրականապես դեմ էին արտահայտվել այդ գործընթացին և ամեն կերպ խոչընդոտել էին քանդման աշխատանքներին։ Տնակների բնակիչների պնդմամբ՝ իրենց առանց այդ էլ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքներին պարզապես անօթևան թողնելու վտանգ էր ստեղծվում։
Դեպքը բավականին լարված իրավիճակ էր ստեղծել։ Բնակիչները հրաժարվել էին հեռանալ իրենց կացարաններից՝ պահանջելով նախ հասկանալ, թե քանդումից հետո իրենք և իրենց ընտանիքները որտեղ են ապրելու։ Արդյունքում՝ քանդման աշխատանքները չեն իրականացվել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Երևանի քաղաքապետարանը հանդիպում է կազմակերպելու Շենգավիթի այդ բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն է հասկանալ ստեղծված իրավիճակը, գնահատել բնակիչների սոցիալական պայմանները և որոշել, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկվեն։
Ուշագրավ է, որ հանդիպմանը, ըստ մեր տեղեկությունների, հրավիրվել են նաև սոցիալական ոլորտի պատասխանատուներ, որոնք պետք է ուսումնասիրեն բնակիչների խնդիրները և քննարկեն հնարավոր աջակցության տարբերակները։
Բանն այն է, որ այս մարդկանց ապրելու պայմանները, մեղմ ասած, հեռու են արժանապատիվ լինելուց։ Նրանք տարիներ շարունակ բնակվում են տնակներում, որոնք, ըստ բնակիչների ներկայացրած խնդիրների, չեն ապահովում նորմալ և անվտանգ կենցաղային պայմաններ։ Ստացվում է՝ քաղաքապետարանը մի կողմից ցանկանում է լուծել տարածքի հետ կապված իր խնդիրները, մյուս կողմից՝ դեռևս հստակ պատասխան չունի այն հարցին, թե քանդումից հետո այդ ընտանիքներն ուր պետք է գնան։
Հենց սա էլ դարձել էր բնակիչների հիմնական հակափաստարկը․ եթե քաղաքային իշխանությունը որոշում է քանդել նրանց կացարանները, ապա պետք է նախ ներկայացնի նրանց հետագա բնակության կամ աջակցության հստակ ծրագիր։
Փաստացի, երեկվա լարված իրավիճակից հետո քաղաքապետարանը ստիպված է գնալ երկխոսության ճանապարհով։ Հիմա արդեն առանցքային հարցն այն է, թե վաղվա հանդիպումը կվերածվի՞ իրական լուծումների, թե՞ հերթական քննարկման, որից հետո բնակիչները կրկին նույն անմարդկային պայմաններում կհայտնվեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


