Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի, ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը։ Մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի։ Այն հատվածներում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա է ոռոգման տեխնոլոգիաները և որակը, և եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք, այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար։ Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը։


Հաջորդը, մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, և ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել, որովհետև նույնիսկ որպես արձանագրված գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք օգտագործելի են և օգտագործվում են, վարելահողերը չունեն հասանելիություն ջրին»,–ասաց նա։

Հաջորդ գլոբալ պրոբլեմը, ըստ Փաշինյանի, այն է, որ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ հիմնականում կանոնից բացառություն. «Ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ։ Մենք նույնիսկ շատ հետևանքների հետագծելիությունը ի վիճակի չենք տեսնել և տեղորոշել, բայց ակնհայտ է, որ մենք այս պրոբլեմը ունենք։

Հաջորդ արձանագրումը. մեր երկրում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս, որպեսզի մենք կարողանանք զուտ տեսականորեն իմ նշած խնդիրները լուծենք։ Եվ մեր այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկը հետևյալն է, թե ինչպես, ինչ ճանապարհային քարտեզով մենք կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ որ ջուրը հասանելի լինի ՀՀ այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունը նախ անհրաժեշտ է, խոսքը խմելու ջրի հասանելիության լիարժեք և շուրջօրյա ռեժիմը ապահովելու մասին է, երկրորդը ոռոգման ջրի հասանելիությունը բոլոր բնակավայրերում։ Սա նույնպես քաղաքային կյանքի և բնակավայրերի կյանքի կազմակերպման շատ էական հատված է։ Եվ երրորդը, ջրի հասանելիությունը բոլոր այն տեղերում, որտեղ ջրի հասանելիությունը կարող է բերել տնտեսական զարգացում, այսինքն ձևավորել ավելացված արժեք»,– ընդգծեց վարչապետը։

Նրա ներկայացմամբ, պետք է հասնել նրան, որ առանց մաքրման որևէ քանակությամբ օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. «Բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ մենք այսօր առերեսվում ենք, կապված են հենց այս երևույթի հետ, որ Հայաստանում օգտագործված ջրի մաքրումը ավելի շատ բացառություն է կանոնից։ Երրորդ գլոբալ խնդիրը հետևյալն է. Հայաստանում ձևավորվող ջրային պաշարներն ինչպես կուտակել և որն է կուտակման առավել արդյունավետ ձևը և ինչպես կուտակել արդյունավետ։ Ըստ էության սա է այն շրջանակը, որը մենք այսօր պիտի քննարկենք»,– ասաց Փաշինյանը հավելելով, որ այսօրվա քննարկումների արդյունքում պետք է ձևավորեն ոլորտում բարեփոխումների մաքսիմալ իրագործելի ճանապարհային քարտեզ, հետո կընդունվի համապատասխան պետական ծրագիր»,–ասաց վարչապետը։