ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում լուսնի լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով «Լուսինը մերն է»։ Հայտարարությունը կրկին ուշադրություն է հրավիրել նախկինում հնչեցված այն պնդումների վրա, թե ԱՄՆ-ը կարող է հավակնել Լուսնի նկատմամբ սեփականության։
Սակայն նման պնդումը հակասում է 1967 թվականի Տիեզերական տարածության մասին պայմանագրին, որի մշակմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ը։ Պայմանագիրը, որին միացել են ավելի քան 100 երկրներ, սահմանում է, որ տիեզերական տարածությունը և երկնային մարմինները չեն կարող որևէ պետության կողմից ազգային սեփականություն համարվել՝ ինքնիշխանության, օգտագործման, օկուպացման կամ որևէ այլ եղանակով։
Լուսնի մասին գրառումից քիչ առաջ Թրամփը հրապարակել էր նաև ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի համար նախատեսված նոր համազգեստների պատկերներ։ Դրանք, ըստ հրապարակման, արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ էին։ Համազգեստները ներկայացված էին մուգ երանգներով՝ «տիեզերական մոխրագույն», «կեսգիշերային սև», «արծաթագույն մոխրագույն» և «սատինե սև» գույներով։ Սոցցանցերում դրանց արտաքին տեսքը համեմատվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի կայսերական բանակի ոճի հետ։
Թրամփի հրապարակումների շարքում եղել է նաև Նյու Մեքսիկոյի քարտեզ, որի վրա «Mexico» անվանումը կարմիրով ջնջված էր և փոխարինված «America» անվամբ։ Սակայն պարզ չէ՝ դա որևէ իրական նախաձեռնության մասին է, թե պարզապես քաղաքական ուղերձ։
Թրամփի անվանափոխությունների քաղաքականությունը
Վերջին շրջանում Թրամփի վարչակազմի քաղաքականության մեջ նկատելի է նաև աշխարհագրական անվանումների փոփոխության թեման։
Օգոստոսի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ պաշտոնապես փաստաթղթեր է ներկայացրել Օնտարիո լճի անվանումը «Lake America» («Ամերիկա լիճ») փոխելու համար։ Այս քայլը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածության ֆոնին։
Օնտարիո անվանումը գալիս է Վենդատ (Հուրոն-Վենդատ) բնիկ ժողովրդի լեզվից և մոտ 400 տարվա պատմություն ունի։ Այն ավելի հին է, քան ԱՄՆ-ն ու Կանադան՝ որպես ժամանակակից պետություններ։
Վենդատ ժողովրդի ներկայացուցիչ, Մեծ ղեկավար Պիեռ Պիկարը քննադատել է Թրամփի որոշումը՝ հայտարարելով, որ այն իրենց պատմությունը քաղաքական բրենդավորմամբ փոխարինելու փորձ է։
Թրամփի վերջին հայտարարությունները լայն արձագանք են ստացել սոցցանցերում, սակայն դրանցից ոչ մեկը ինքնին իրավական ուժ չունի՝ փոխելու ԱՄՆ նահանգների կամ միջազգային տարածքների իրավական կարգավիճակը։


