Ֆրանսիացի լրագրող ու բլոգեր Նատաշա Ռեյը Փարիզի վերաքննիչ դատարանում հաղթել է Ելիսեյան պալատի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի ներկայացրած հայտում։ Վերջինս Ռեյին դատի էր տվել զրպարտության համար։ Այս մասին հայտնել է լրագրողի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։


«Նատաշա Ռեյը վերջնականապես շահեց Բրիջիտ Տրոնյո-Մակրոնի ու նրա շրջապատի հարուցած դատական գործը», — X-ի իր էջում գրել է Դանգլեանը։


Ամեն ինչ սկսվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ նախագահական ընտրություններից առաջ։ Իրեն անկախ լրագրող ներկայացնող Նատաշա Ռեյը YouTube-ում տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե տարիներ շարունակ հետաքննել է Ֆրանսիայի նախագահից 24 տարով մեծ կնոջ «իրական սեռը»։

Ռեյը հայտարարում էր, թե Մակրոնի դպրոցական ուսուցչուհի Բրիջիտը (օրիորդական ազգանունով՝ Տրոնյո) իբր ծնվել է տղամարդ և ունեցել է Ժան-Միշել անունը։

2024 թվականի սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը զրպարտության համար 13.500-ական եվրոյով տուգանել էր թե՛ Ռեյին, թե՛ տեսանյութը հյուրընկալած YouTube-յան ալիքի հեղինակ Ամանդին Ռուային։

Սակայն 2025-ի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրեց Ռեյին՝ վճռելով, որ նրա հայտարարությունների մեծ մասը իրավական իմաստով զրպարտություն չեն պարունակում։ Բրիջիտ Մակրոնի փաստաբանն այն ժամանակ հայտարարել էր, որ դիմելու են վճռաբեկ դատարան։