Արևմուտքն անթաքույց փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին, ինչի վառ օրինակը Վրաստանն է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ տարաձայնությունների ի հայտ գալու դեպքում պետք է անմիջապես գնահատել՝ ում է ձեռնտու հարևան ժողովուրդներին ու պետություններին թշնամացնելը, ՌԴ ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում ընդգծել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ որպես կանոն, դրա հետևում կանգնած են արևմտյան երկրները, որոնք շահագրգռված են տնտեսության շահութաբեր ճյուղերի, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ իրենց վերահսկողությունը պահպանելու հարցում։
«Ընդ որում, նրանք բացահայտ ու անթաքույց փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Հարավային Կովկասում մենք դա տեսնում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- ասել է Շոյգուն։
Նրա փոխանցմամբ՝ այս թեմայով վերջերս շատ հստակ ու ողջամիտ միտք է հայտնել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ նշելով, թե «թերևս Ռուսաստանի հետ էսկալացիան բխում է Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ մեր»։
Վրաստանի պարագայում թվերն ինքնին խոսուն են, հավելել է Շոյգուն։
«Այդ երկրի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 20,7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ընդգծել է ՌԴ ԱԽ քարտուղարը։ Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է, և համագործակցությունը շարունակում է ընդլայնվել, հավելել է նա։
«Մենք պատրաստ ենք աջակցել ռուս-վրացական տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանը»,- շեշտել է Շոյգուն։


