«Ընտրարշավի սկզբում Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր էր, քան վերջին 10 օրերի ընթացքում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը գտնում է, որ այդ վերջին 10 օրերի ընթացքում ՀՀԿ-ի թիմը թույլ տվեց կոպտագույն սխալներ և դրանից տուժեց  Ս.Սարգսյանի վարկանիշը:

«Ծայրաստիճան անհաջող, և եթե մեկը մտածեր հարվածել որևէ մեկի վարկանիշին, հենց այդպես կաներ, ինչպես արեց հենց Սերժ Սարգսյանի սեփական շտաբը», - ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս փաստարկելու համար բերեց օրինակներ, դրանք ներկայացնելով ՀՀԿ-ական  Մկրտիչ Մինասյանին:

 «Դուք հիշու՞մ եք մի դեպք, որ Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում ելույթ է ունեցել, կամ մոտեցել է խոսափողին և մի երկու բան է ասել, բայց ո՞նց եղավ, որ նախագահի կողքին, նա ելույթ ունեցավ»,- հարցրեց  նա ՀՀԿ-ական պատգամավորից:

 Ելույթ ունենալ ասելով, Հմայակ Հովհաննիսյանը նկատի ունի հանրության շրջանում լայն տարածում գտած արտահայտությունը, որն արել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հունվարի 28-ին Եռաբլուրում: 

 Հիշեցնենք, որ Հունվարի 28-ին  Սերժ Սարգսյանի Եռաբլուր այցելության ժամանակ, Սամվել Ալեքսանյանը մի կնոջ, ով մոտեցել էր նրանցից օգնություն խնդրելու, ստախոս էր անվանել `ասելով,« Սուտա՚ ասում պարոն նախագահ, սուտա ասում»:

«Ձեռը քարի տակ չեր, թող նրան մի կողմ քաշեր, ի վերջո այդ կինը հաղթահարելով բոլոր հոգեբանական արգելքները համարձակվել էր նախագահից օգնություն խնդրել` տոն օրով: Լավ էդ Ալեքսանյան Սամվելը չեր կարող քսակը բացեր մի 100 հազար դրամ  հաներ տար էդ կնոջը»,- ավելացրեց Հովհանիսյանը:

 Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձին, քաղաքագետը գտնում է, որ դա ևս նշան էր, որ ուղարկեցին Սերժ Սարգսյանին, որը կազմակերպել էր հենց նրա օլիգարխիկ շրջապատը: 

   ՀՀԿ-ական Մկրտիչ  Մինասյանը չցանկացավ որևէ հայտարարություն անել այդ առիթով, ասելով, որ  կոռեկտ չի համարում  դրա առնչությամբ որևե բան ասել, իսկ ինչ վերաբերում է  Եռաբլուրում օգնություն խնդրող կնոջը,  Մինասյանը հավաստիացրեց, որ նրան օգնել են:

Հմայակ Հովհաննիսյանն էլ իր հերթին  հակադարձելով նրան, վերջում ավելացրեց, որ հարցը օգնելու մեջ չի կայանում, այլ նրա, որ  Սամվել Ալեքսանյանը տոն օրով լացացրեց օգնություն խնդրող կնոջը: