Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, տեղեկացրել նրան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Նա նշել է, որ որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամ՝ Իրանն ակնկալում է, որ կազմակերպությունն ու դրա անդամ պետություններն անտարբեր չեն մնա Անվտանգության խորհրդի մշտական անդամի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտումների նկատմամբ և հստակորեն կդատապարտեն ԱՄՆ-ի շարունակական միջամտությունն ու անօրինական սպառնալիքները։
Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա հայտարարել է, որ Իրանը «շարունակելու է հետամուտ լինել նրան, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական հանցագործությունների պատասխանատուների նկատմամբ արդարադատություն հաստատվի»։
Արաղչին նշել է, որ Իրանը մշտապես նախապատվությունը տվել է դիվանագիտությանը՝ իր ազգային շահերն ու տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար, սակայն ընդգծել է, որ վերջին տասնամյակում ԱՄՆ-ն բազմիցս հրաժարվել է դիվանագիտական պարտավորություններից՝ նպաստելով տարածաշրջանային անկայունությանը։ Ըստ հրապարակման՝ նա նաև «անդրադարձել է պաղեստինյան տարածքներում, Լիբանանում, Սիրիայում և տարածաշրջանի այլ վայրերում Իսրայելի կողմից իրականացվող շարունակական բռնություններին ու զանգվածային սպանություններին՝ կոչ անելով ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Իսրայելի անպատժելիությանը»։
Գուտերեշն, իր հերթին, դատապարտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների խախտումները, մասնավորապես՝ խոշոր տերությունների կողմից ուժի կիրառումը, և ընդգծել բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքին հետևելու և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։


