Արարատի քաղաքապետի ընտրության օրն արդեն հայտնի է՝ այն կայանալու է նոյեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 17-ից կսկսվեն առաջադրումները։ Բայց մինչ այդ քաղաքում լիարժեք նախընտրական մթնոլորտ է տիրում։ Հավանական թեկնածուները բաց չեն թողնում ոչ մի թաղում և «ինքնահող», ինչն ընդունված է անել մարզերում, ընտրությունների շեմին։ Հանգուցյալ քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո համայնքի ղեկավարումը ժամանակավորապես վստահվել է փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանին։ Այս ընթացքում շրջանառվող թեկնածուների անունները նորերով դեռևս չեն համալրվել։ Հավակնորդների մեջ նախկին մանկավարժն է՝ ՀՀԿ անդամ Հայկ Հայկյանը, ով վայելում է «Ավշարի» սեփականատերերի հովանավորչությունը, իսկ հիմա եղբայրներից մեկն արդեն մարզպետական լծակներ է տնօրինում։
Գրիգորյանների խոսքն այս քաղաքում վճռական ազդեցություն ունի, թերևս այդ պատճառով էլ մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Վլադիմիր (Ժորա) Հովհաննիսյանի շրջապատը, հարազատները ամենուրեք հայտարարում են, որ Գրիգորյանները հենց Ժորային են պաշտպանելու։ ԲՀԿ թեկնածուն Սամվել Բարսեղյանն է, ով Արարատի «Միկա ցեմենտի» տնօրենն է։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ականի թեկնածությունը պաշտպանում են նաև մարզում ոչ պակաս հեղինակություն ունեցող Սարգսյանները՝ Վազգեն Սարգսյանի եղբայրներ Արամը և Արմենը։ Բանն այն է, որ Արարատում հայտնի Ձկոն, նույն ինքը՝ Նորիկ Պողոսյանը՝ Վազգեն Սարգսյանի հավատարիմ ընկերներից մեկը, ով նաև մարզի երկրորդ ցեմենտի գործարանի սեփականատերերից է, ԲՀԿ–ական թեկնածուի մորաքրոջ տղան է։ Այնպես որ, իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, որտեղ ամենաանթիկունքը թերևս լինելու է նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, ով նույնպես պատրաստվում է առաջադրվել։ «Եթե արդար ընտրություններ անցկացվեն, իմ թիկունքն ամենաամուրն է»,– ասաց նախկին քաղաքապետը և, առիթից օգտվելով, նախ մեր միջոցով իր շնորհավորանքը փոխանցեց նորանշանակ մարզպետին, ապա խնդրանքը, որպեսզի երաշխավորի արդար ընտրությունների ակցկացումը»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: