Արհեստական բանականությամբ գործող կրակի կառավարման համակարգեր մշակող իսրայելական Smart Shooter ընկերությունը մինչև 150 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ։ Պայմանագիրը կնքվել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ մատակարարելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
Եռամյա համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության Համատեղ միջգերատեսչական խմբի հետ։ Պայմանագրի շրջանակում Smart Shooter-ը կմատակարարի հրաձգային զենքերի վրա տեղադրվող՝ դրոնների դեմ պայքարի կրակի կառավարման համակարգեր, ինչպես նաև կիրականացնի ուսուցում և կմատուցի հարակից ծառայություններ։
Պայմանագիրը կնքվել է ամերիկյան Domestic Shield ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ԱՄՆ ցամաքային զորքերը, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ծովային հետևակի կորպուսը պաշտպանել անօդաչուների կողմից եկող նոր սպառնալիքներից։
Smart Shooter-ի համակարգերը նախատեսված են զենքի վրա տեղադրված կրակի կառավարման համալիրի միջոցով փոքր և արագաշարժ դրոններ հայտնաբերելու ու խոցելու համար։ Ընկերությունը մասնագիտացած է այնպիսի տեխնոլոգիաների մշակման մեջ, որոնք արհեստական բանականության օգնությամբ թույլ են տալիս օպերատորին ճանաչել օդային թիրախներն ու բարձրացնել խոցման ճշգրտությունը։
Պայմանագրի մասին հայտարարությունից հետո Smart Shooter-ի բաժնետոմսերը Թել Ավիվի ֆոնդային բորսայում աճել են մոտ 25%-ով։
«Domestic Shield-ի նպատակն է պաշտպաններին տրամադրել այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան կանգնեցնել փոքր ու արագաշարժ դրոնները՝ նախքան դրանք կհասցնեն վնասել զինծառայողներին, ռազմաբազաներին և կարևորագույն օբյեկտներին», — հայտարարել է Smart Shooter-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Միխայել Մորը։
Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը և դրա շրջանակներում հետագա պատվերների հնարավորությունը ընկերության գործունեության ընդլայնման կարևոր փուլ են դարձել ամերիկյան պաշտպանական շուկայում։


