ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին պատրաստել Իրանի օբյեկտներին հարվածներ հասցնելու տարբերակներ մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, հայտնում է The Atlantic-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տունը խնդրել է Պենտագոնին մշակել իրանական օբյեկտներին հարվածներ հասցնելու տարբերակներ, որոնք հնարավոր կլիներ իրականացնել միջանկյալ ընտրություններից առաջ։
Զրուցակիցները նշել են, որ հնարավոր հարվածների մասշտաբները և թիրախները, ինչպես նաև այն, թե արդյոք վարչակազմը ի վերջո կգործի, դեռևս քննարկվում են։
«Սա կստեղծեր տպավորություն, թե նախագահը հաղթանակ է տարել, և բենզինի գները կսկսեին նվազել», - պարբերականին ասել է Հանրապետական կուսակցության անանուն անդամը։
Աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ծրագրերը մշակում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Atlantic-ը հավելում է, որ սահմանափակ գործողությանը կարող են հաջորդել ավելի լայնածավալ ռազմական գործողություններ միջանկյալ ընտրություններից հետո։


