Ամերիկյան SpaceX ընկերության Starlink համակարգերը նախատեսված չեն հարձակողական մարտական գործողությունների համար, հայտարարել է ընկերության հիմնադիր միլիարդատեր Իլոն Մասկը։ «Starlink-ի օգտագործումը սահմանափակվում է քաղաքացիական կամ պաշտպանական գործունեությամբ և չի կարող օգտագործվել հարձակողական ռազմական գործողությունների համար, քանի որ նման օգտագործումն անտեղի է առևտրային ընկերության համար», — գրել է նա X-ում։ Այսպիսով Մասկը պատասխանել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի հայտարարությանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների կապը Starlink ցանցի հետ աստիճանաբար վերականգնվելու մասին։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ SpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայի զինված ուժերի դրոնների կապը։
Ֆեդորովի նախկին խորհրդական Սերգեյ Սթերնենկոյի խոսքով՝ Starlink-ի ինտերնետը դադարում էր աշխատել, երբ անօդաչուի արագությունը հասնում էր 60–70 կմ/ժ-ի (նախկին 160 կմ/ժ-ի փոխարեն), ինչը հանգեցրել է մի շարք գործողությունների ձախողման։ Հոկտեմբերի 14-ի գիշերը մինչև որևէ կապի սահմանափակում չէր եղել, իսկ Starlink-ը ուկրաինացիները կարող էին օգտագործել միայն երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի սահմաններում։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը ճշտել էր, որ խոսքը վերաբերում է Starlink-ի ռազմական հատվածի՝ Starshield-ի սահմանափակմանը։ Մասկի խոսքով՝ Starshield-ը պատկանում է ԱՄՆ կառավարությանը և վերահսկվում է «վերջնական հաշվով՝ ԱՄՆ նախագահի կողմից»։ «Արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում սահմանվում է ԱՄՆ զինվորականների կողմից», — գրել է նա։
Ֆեդորովն իր հերթին կոչ է արել Մասկին ամբողջությամբ վերականգնել Ուկրաինայի զինված ուժերի մուտքը դեպի Starlink-ի ինտերնետ։ «Starshield ցանցում արագության սահմանափակման ամբողջական վերացումը այժմ վճռորոշ նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանության համար», — գրել է նա։
Starlink ցանցից «մեծապես» կախված է ուկրաինական կալանիչ դրոնների հաջող աշխատանքը, որոնք պայքարում են ռուսական ռեակտիվ և այլ ԱԹՍ-ների դեմ, ընդգծել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ռուսական բանակն այժմ փորձում է օգտվել Ուկրաինայի զինված ուժերի կապի հետ առաջացած խնդիրներից։


