Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիները պարտք ունեն վերադարձնելու իրենց պետությանը:

Այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացման խոսքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության համար սա առանձնահատուկ թեմա է, և մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում մեր բնության նկատմամբ. Հայաստանի համար դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել: 1990-ականներին երկիրը հայտնվեց շրջափակման մեջ, բավարար էլեկտրական հոսանք, գազ կամ քարածուխ չկար և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին հիմնականում փայտով: Այս պայմաններում Հայաստանի անտառների զանգվածային հատումներ սկսվեցին, որը տնտեսական բնականոն գործունեության գրեթե բացակայության պայմաններում դարձավ շահութաբեր բիզնեսներից մեկը: Այսպես Հայաստանում հատվեցին հազարավոր հեկտարների անտառներ ու կանաչ տարածքներ, լայնորեն տարածվեց որսագողությունը, ինչը ծանր վնաս հասցրեց մեր բնությանն ու կենսաբազմազանությանը: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Սևանա լճում. 90-ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները ջարդվել էին և Հայաստանում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դառնալուց հետո իր առաջին հրահանգներից մեկն ապօրինի անտառահատումները կասեցնելն է եղել:

«Իմ ծննդավայրում՝ Տավուշում, բողոքի ակցիաներ սկսվեցին, որովհետև բազմաթիվ մարդիկ 90-ականների իներցիայով վաստակում էին ապօրինի անտառահատումներով: Ես այս առիթով այց կատարեցի Հաղարծին գյուղ, որն իմ հայրական գյուղն է, մարդիկ շատ ագրեսիվ էին տրամադրված, ես նրանց փորձում էի բացատրել, որ անտառը պահպանելով կարելի է շատ ավելին վաստակել, քան անտառահատումներով: Ահա, մեկ-երկու տարի անց ապօրինի անտառահատումներով զբաղվող բազմաթիվ մարդիկ փոխեցին իրենց գործունեության տեսակը: Այն նույն մեքենաներով, որոնցով փայտ էին տեղափոխում դեպի շուկաներ, սկսեցին զբոսաշրջիկներ տեղափոխել անտառներ և սարեր՝ ցուցադրելու վայրի բնությունը»,- նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ ևս մեծ աշխատանք է կատարվել:

«Վերջին 10 տարվա ընթացքում Սևանում սիգի ընդհանուր պաշարն աճել է ավելի քան 10 անգամ, անհետացման եզրին հայտնվելուց հասել է ավելի քան 4500 տոննայի: Կովկասյան ընձառյուծը Հայաստանում համարվում էր վերացող տեսակ, այսօր Հայաստանում գնահատվում է 6-7 առանձնյակ, 2024 թվականին արձանագրվել է նաև երկու ձագ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովը և COP17 համաժողովը։ Վարչապետը հույս հայտնեց, որ այն կլինի արդյունավետ և կնպաստի երկիր մոլորակի կենսաբազմազանության պաշտպանությանը: