Թույլ տվեք իմ ելույթը սկսել՝ փոխանցելով մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները և շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանն ու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանն այս կարևոր գագաթնաժողովը կազմակերպելու համար։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
«Անցել է չորս տարի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի ընդունումից ի վեր։ Այս փաստաթուղթը դարձել է կենսաբազմազանության կորստի դադարեցման և բնության պաշտպանության ընդհանուր «ճանապարհային քարտեզը»։ Այժմ մեր գլխավոր խնդիրն այս ընդհանուր տեսլականը վերածելն է կոնկրետ գործողությունների և երկարաժամկետ արդյունքների։ Դրա համար խիստ կարևոր է ապահովել ֆինանսավորման և տեխնոլոգիաների հասանելիությունը, ընդլայնել ներուժի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդել գիտատեխնիկական համագործակցությունը։
Մենք բնապահպանությունն ու կայուն զարգացումը դիտարկում ենք ոչ թե որպես միմյանց բացառող հասկացություններ, այլ որպես փոխլրացնող նպատակներ։ Հենց այդ պատճառով էլ կենսաբազմազանության պաշտպանությունն ընկալում ենք ոչ միայն որպես մեր բնապահպանական քաղաքականության անբաժանելի մաս, այլև որպես մեր զարգացման քաղաքականության կարևորագույն տարր։
Այս տարին դարձել է կարևոր հանգրվան․ անցկացվում են կողմերի համաժողովներ՝ առանցքային բնապահպանական կոնվենցիաների շրջանակում։ Ուլան Բատորից և Երևանից հետո հաջորդ ամիս մենք կրկին կհավաքվենք՝ այս անգամ Անթալիայում՝ COP 31-ի շրջանակում։
Թուրքիան ձգտում է, որպեսզի COP 31-ը դառնա գործնական իրականացման համաժողով, որտեղ կլիմայական պարտավորությունները կվերածվեն կոնկրետ գործողությունների։ Մենք ցանկանում ենք ամրապնդել փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պահպանումը, ինչպես նաև հողային և պարենային անվտանգության ապահովումը։
Մեր այսօրվա ուղերձը շատ հստակ է․ եկել է ժամանակը պարտավորություններից անցնելու իրական արդյունքների։ Թուրքիան վճռական է ամրապնդել միջազգային համագործակցությունը, կիսել իր փորձը և ներդրում ունենալ ընդհանուր լուծումների որոնման գործում։ Մենք նաև մեծ նշանակություն ենք տալիս երկկողմ համագործակցության հարթակներին։
Մասնավորապես, մեզ ուրախացնում է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության, անասնապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Գիտակցելով իր պատմական և աշխարհագրական պատասխանատվությունը՝ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում բարգավաճման և կայունության ամրապնդման համար։
Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը հաջորդ ամիս Անթալիայում։ Եկեք միասին՝ Երևանից Անթալիա ճանապարհին, բնության պաշտպանության և կայուն ապագայի կառուցման համար ձեռնարկենք հաստատուն և կոնկրետ քայլեր», — նշել է թուրք նախարարը։


