Իրանի դեմ պատերազմի սկսվելուց երկու ամիս առաջ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը նախազգուշացրել էր հակահրթիռային պաշտպանության համար հրթիռների խիստ պակասի մասին։ Նրա գնահատմամբ՝ դեֆիցիտը կարող էր պահպանվել մինչև 2030 թվականը։ Ապրիլին, արդեն պատերազմի ընթացքում, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը գեներալին պաշտոնաթող է արել, հայտնել է CBS News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նախազգուշացումը ներառված էր 2027 ֆինանսական տարվա համար ամերիկյան զորքերի և սպառազինության բաշխման պլանում, որը պատրաստվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Աղբյուրները պակասը կապում են Patriot հրթիռների՝ Ուկրաինային փոխանցման, Իսրայելի պաշտպանության համար զինամթերքի ծախսման և ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության սահմանափակ հնարավորությունների հետ։
Հատկապես սուր է Patriot և THAAD համակարգերի որսիչ հրթիռների հարցը։ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատմամբ՝ մինչև Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ն ուներ շուրջ 2 300 Patriot հրթիռ, որոնցից հակամարտության ընթացքում կարող էր ծախսվել 1 050-ից 1 430-ը՝ նախապատերազմյան պաշարի մինչև 61 տոկոսը։
THAAD-ի զինանոցը մինչև պատերազմը կազմում էր մոտ 355 որսիչ հրթիռ։ CSIS-ի գնահատմամբ՝ մարտական գործողությունների ընթացքում կարող էր օգտագործվել 190-290 հրթիռ՝ պաշարների մինչև 82 տոկոսը։ Ընդ որում, նոր որսիչ հրթիռների արտադրությունը տարիներ է տևում․ THAAD-ի պայմանագրերով մատակարարումները միջինը տևում են չորս տարի և հինգ ամիս, իսկ Patriot PAC-3-ի դեպքում՝ շուրջ երեքուկես տարի։
Փորձագետները ճգնաժամը կապում են ոչ միայն պատերազմի, այլև Սառը պատերազմի ավարտից հետո սպառազինության պաշարների և արտադրական հզորությունների բազմամյա կրճատման հետ։ Պաշտպանական արդյունաբերության կոնսոլիդացիան խոշոր կապալառուների թիվը կրճատել է 51-ից մինչև հինգ, իսկ արտադրական հզորությունները բավարար չեն եղել երկարատև հակամարտության պայմաններում արտադրությունն արագ մեծացնելու համար։
Lockheed Martin և RTX ընկերություններն արդեն հայտարարել են արտադրությունն արագացնելու միջոցների մասին։ Lockheed Martin-ը ծրագրում է THAAD որսիչ հրթիռների տարեկան արտադրությունը 96-ից հասցնել 400-ի։
Պենտագոնը հերքել է զինամթերքի պակասի մասին հաղորդումները։ Նրա ներկայացուցիչ Շոն Պարնելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի ռազմական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Սակայն, ամերիկացի պաշտոնյաներից մեկի գնահատմամբ, նույնիսկ առանց նոր խոշոր ծախսերի Patriot և THAAD պաշարները 2025 թվականի դեկտեմբերի մակարդակին վերականգնելու համար կարող է ժամանակ պահանջվել՝ մինչև 2030 թվականը։


