Իրանի ազգային գազային ընկերությունը (NIGC) և «Գազպրոմը» քննարկում են ռուսական գազի մատակարարման խողովակաշարի երթուղին և գնի ձևավորման մեխանիզմները, լրագրողներին «Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա» շրջանակում հայտնել է Իրանի նավթի փոխնախարարը, NIGC-ի ղեկավար Սյաիդ Թավաքոլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։


Նա նշել է, որ այն բանից հետո, երբ «Գազպրոմը» և NIGC-ն 2024 թվականին ստորագրեցին ռազմավարական հուշագիր Իրանի համար ռուսական գազի մատակարարումների կազմակերպման մշակման վերաբերյալ, ընկերությունները սկսել են տեխնիկական և մասնագիտական բանակցություններ։

«Հուշագրի տարբեր մասերին վերաբերող բոլոր պայմանավորվածությունները կատարված են։ Մնում են միայն [գազատարի] երթուղու որոշման, ինչպես նաև ռուսական գազի [գնման] գնի ձևավորման և դրա վաճառքի մեխանիզմների հարցերը։ Հենց որ այս երկու-երեք հարցերը կարգավորվեն, հուսով ենք, ամեն ինչ կլուծվի», - հավելել է նա։

Ընկերության ղեկավարը նշել է, որ Իրանը, ունենալով եզակի աշխարհագրական դիրք, կարող է իրար կապել Հարավային Կովկասը և Պարսից ծոցի երկրները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, իրանական կողմը հետաքրքրված է ՌԴ-ից գազի մատակարարումներով։ Թեհրանն ու Մոսկվան Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ քննարկում են էներգետիկ հաբի ստեղծումը, ինչպես նաև Իրանի հյուսիս սվոփ մատակարարումները և իսլամական հանրապետության հարավում գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունը։