Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին բարձր պրոֆեսիոնալիզմի ու ջերմության համար, որոնցով մեզ ընդունեցին առաջնորդների այս գագաթնաժողովում, որն անցկացվում է COP17-ի շրջանակում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին այս միջոցառման կազմակերպման համար։ Այս մասին COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ նշել է Ալժիրի Ազգի խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Ազուզ Նասրին։


«Մենք այն անցկացնում ենք չափազանց բարդ պայմաններում, որոնք բնութագրվում են էկոլոգիական ճգնաժամերի սրմամբ, և պետք է գիտակցենք տնտեսական զարգացման հրամայականների և կենսաբազմազանության պահպանության միջև հավասարակշռություն գտնելու անհրաժեշտությունը։


Անհրաժեշտ է վերականգնել էկոհամակարգերը, ինչպես նաև ապահովել բնական ռեսուրսների ռացիոնալ և կայուն օգտագործումը։ Այս առումով COP17-ը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Ըստ էության, սա առաջին փուլն է, որը հնարավորություն է տալիս ամփոփել կենսաբազմազանության ոլորտում Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման արդյունքները։

Մեր երկիրն անդադար աշխատանք է տանում իր հարուստ բուսական և կենդանական աշխարհի պահպանման ուղղությամբ, որը, սակայն, գտնվում է վտանգի տակ՝ անթրոպոգեն ազդեցության, տարերային աղետների, անտառազրկման, անտառային հրդեհների և այլ գործոնների պատճառով։ Միևնույն ժամանակ, Ալժիրը իր պարտավորությունները վերածել է կոնկրետ, շոշափելի արդյունքների։

Կենսաբազմազանության պահպանումը վճռորոշ նշանակություն ունի ապագա սերունդների համար։ Սա պահանջում է միջազգային համագործակցություն, որը համարժեք է մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ են գործիքներ և ռեսուրսներ, որոնք համապատասխանում են մեր հավակնություններին։ Մենք պետք է ապահովենք աջակցություն զարգացող երկրներին, որոնք պետք է հնարավորություն ունենան կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես տեխնոլոգիաների փոխանցման և իրենց ներուժի ամրապնդման միջոցով։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրներից յուրաքանչյուրին բնորոշ ազգային պայմանները։

Մենք հույս ունենք, որ միջազգային համագործակցության և համակարգման շնորհիվ համաժողովի աշխատանքը կպսակվի շոշափելի հաջողությամբ, և դրա արդյունքը կլինի կայուն զարգացման ապահովումը բոլորի համար, ինչպես նաև կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը», — նշել է Ազուզ Նասրին։