Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ զրույցի արդյունքներով։

 

«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է այն բանից հետո, երբ Լևոն XIV-ը ստանձնել է Վատիկանի պապական գահը։

 

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն աջակցելու Վատիկանի պատրաստակամության համար։

 

ՌԴ նախագահը զրույցի ընթացքում նաև մաղթել է Հռոմի պապին շուտափույթ ապաքինում՝ վերջերս տարած վիրահատությունից հետո։

 

«Պոնտիֆիկոսին անկեղծորեն մաղթելով քաջառողջություն և շուտափույթ ապաքինում՝ վերջերս տարած վիրահատությունից հետո, Վլադիմիր Պուտինը կարևորել է ռուս-վատիկանյան համագործակցությունը՝ հոգևոր և բարոյական համամարդկային արժեքների տարածման, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության հարցերում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

 

Պուտինն ու Հռոմի պապ Լևոն XIV-ը պայմանավորվել են շարունակել Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև երկխոսությունը։

 

Ռուսաստանի նախագահը Հռոմի պապին մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի բարդ հումանիտար իրավիճակի վերաբերյալ և նշել, որ ստեղծված դրության պատասխանատվությունը կրում է Կիևը։

 

Պուտինը նաև աջակցել է Վատիկանի մտադրությանը՝ նպաստելու քաղաքի բնակչության անվտանգության ապահովման և կենսական նշանակության մատակարարումների կազմակերպման համար անհր ժեշտ պայմանների ստեղծմանը։

 

«Այս հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցելու շուրջ։ Զրույցն անցել է կառուցողականաև փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ամփոփել են Կրեմլում։