ԱՄՆ-ն ու Իսրայելն անհիմն լուրեր են շրջանառում Իրանի կողմից իբր «կեղտոտ ռումբ» ստեղծելու մասին՝ դրանով իսկ տեղեկատվական դաշտ նախապատրաստելով Թեհրանի դեմ նոր ագրեսիայի համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, թե ըստ ամերիկյան հետախուզության՝ Իրանը ծրագրում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնել, որի թիրախում կարող են հայտնվել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։
«Նրանք, ովքեր ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ (նկատի ունի ԱՄՆ-ն ու Իսրայելը), այժմ փորձում են մեդիադաշտ նախապատրաստել իրենց չարագուշակ ծրագրերի համար՝ հորինելով և տարածելով անհիմն մեղադրանքներ, այդ թվում՝ The New York Times-ի վերջին պնդումները և «կեղտոտ ռումբի» մասին CNN-ի շինծու պատմությունը։ Նրանք քայլ առ քայլ փորձում են օրինականության շղարշ ստեղծել իրենց հետագա ագրեսիայի և վայրագությունների համար»,- X-ի իր էջում գրել է Բաղային։
Դիվանագետի խոսքով՝ Իրանը գիտի՝ ինչպես արձագանքել ցանկացած ագրեսիայի այնպես, որ այդ պատասխանը երկար հիշվի։ Նա նաև հերքել է իրանական ամբարտակները հրթիռային բազաների հետ կապելու փորձերը՝ դրանք որակելով որպես կենսական նշանակության ենթակառուցվածքներին հարվածելու պատրվակ։ Բաղային հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ագրեսիայի հետևանքով տուժել են ջրամբարներ ու ջրի աղազերծման կայաններ, ինչի պատճառով խաթարվել է խաղաղ բնակչության ջրամատակարարումը։


