ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է 2795-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում և հետևել «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Մասնավորապես, Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված շախմատի մրցույթի փոքրիկ մասնակիցներից նախագահը հետաքրքրվել է, թե ինչպես է ընթանում մրցաշարը և հաջողություն է մաղթել նրանց անվանի շախմատիստների հետ մրցապայքարում: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ հանրապետության ղեկավարը Թումանյան փողոցով քայլել է դեպի Կարապի լիճ, որտեղ այդ պահին ընթանում էին վինդսերֆինգի ցուցադրական ելույթները:

Իսկ «Կասկադ» համալիրի հարակից տարածքում նախագահ Սերժ Սարգսյանին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախատեսվող մի շարք քաղաքաշինական ծրագրերի մանրակերտերն ու նախագծերը: Շրջայցի շրջանակում հանրապետության նախագահն ու Երևանի քաղաքապետը զրուցել են նաև տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ:

 

Լուսանկարը` news.am