Դամասկոսում «Ազդակ»-ի թղթակիցը հաղորդել է, որ Սիրիայում կրկին հրթիռի հարվածից հայ է զոհվել:
Շաբաթ առավոտյան Դամասկոսի կենտրոնում Ապետ պողոտայի վրա գտնվող «Տար Աս Սալամ» դպրոցի դիմաց հրթիռի հարվածի պատճառով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ և նյութական վնասներ: Հրթիռի բեկորի հարվածի պատճառով զոհվել է նաև 1944 թվականին ծնված դամասկոսահայ Նշան Մելիքյանը:
Նշան Մելիքյանը վարում էր միութենական աշխույժ կյանք, ՀՄԸՄ եւ Համազգային միությունների անդամ էր: Նա եղել է Համազգայինի «Լեւոն Շանթ» մասնաճյուղի վարչության անդամ եւ թատերական հանձնախմբի անդամ` ունենալով դերեր բազմաթիվ թատերական ներկայացումներում:
Նշենք, որ անցնող երկու օրերի ընթացքում Դամասկոսի գրեթե բոլոր շրջանները հրթիռարձակման թիրախ են եղել, հատկապես Քասսա, Քուսուր, ԱպուՌումաննէ, Զապլաթանի, Ժարամանա և այլ խաղաղ թաղամասեր:
Մյուս կողմից, սիրիական բանակի միավորների եւ զինյալների միջեւ բախումները ուժեղացել են մայրաքաղաքի արևելյան հատվածում գտնվող Քարաժաթ շրջանում և հարավային շրջանների Սպենեում և Հաժերայում: