Մաքսային միությանը միանալու որոշումը ստիպված քայլ էր, քանի որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում էր, որ Հայաստանը մտներ ՄՄ-ի կազմի մեջ, այլ չէր ուզում, որ գնար ԵՄ:
Այսօր Բլից Ինֆո մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքերով՝ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց, որին կարելի է միանալ, Հայաստանը պետք է միանա: «Սա քաղաքական պայքար է, ոչ թե տնտեսական համագործակցություն: Պարզ է մեկ բան՝ Հայաստանը պետք է փորձի բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ: Սակայն անտեսել Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները, նույնպես չի կարելի»,- հավելեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ` Հայաստանը կարող էր դառնալ Ռուսասատան-Եվրոպա կապող օղակ:

«Հայաստանը բոլոր ոլորտներում էլ կարող էր կամրջակի ֆունկցիա կատարել, սա էլ ցույց կտար՝ կարող է արդյոք Հայաստանը միանալ և մեկին, և մյուսին: Սակայն պետք է ընդունել, որ մենք այդ պրոբլեմը ինքնաբավ լուծել չենք կարող»,- նշեց Բոզոյանը:

Նրա խոսքերով` մեր որոշումը չպետք է խոչընդոտ դառնա մյուսի համար: Եթե ընդգծված դիրքորոշում կացվի, ապա մյուս կողմը, բնականաբար, սառը վերաբերմունք կցուցաբերի: