Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն, անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի` «Կլոր» շենքի քանդման որոշմանը, նշեց, որ յուրաքանչյուր հուշարձանի մոտենալը, նրան քանդելը և նրա փոխարեն նորը կառուցելը միշտ էլ բացասաբար է ազդում քաղաքի վրա:
«Որքան էլ փորձեն համոզել, որ յուրաքանչյուր փոփոխություն արվելու է` շենքի հիմնական տեսքը չկորցնելով, միևնույնն է` պատմականությունը կորչում է, և դրական ապագա խոստանալն ապարդյուն է»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքերով հատուկենտ են այն կառույցները, որոնց հնարավոր եղավ փրկել:
Նա դրական է համրարում այն հանգամանքը, որ շենքը դեռևս չի քանդվել, և դեռևս քննարկումներ են ընթանում: Նրա խոսքերով` սեփականատերը կարող էր առանց քննարկումների քանդել այն:
«Չի կարելի կորցնել այնպիսի շենքեր, քանի որ դրանց կորցնելով` մենք կորցնում ենք մեր քաղաքը: Միշտ պետք է կարողանալ պահպանել արժեքները: Միթե պետք է նոր քաղաք կառուցել»,- իր խոսքում նշեց Միասյանը:

Մինասյանը նշեց, որ ինքը ողջունում է սեփականատիրոջ և կոնցեսիորների նպատակը, բայց ասել, թե նորը հնի տեսքը կպահպանի, անհեթեթություն է:

Իսկ «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանի հավաստմամբ` սեփականատերը պետությունն է, իսկ կոնցեսիորները իրենց նախագիծը ներկայացնում են պետությանը՝ քանդել, տեղը նորը կառուցել`անվանելով դա քայլ դեպի առաջ:Նրա փոխանցմամբ` հարցը շուտով կքննարկվի նաև հանրային խորհուրդը, իսկ ենթահանձնաժողովներում միանշանակ պատասխան են տվել, որ չի կարելի քանդել:
«Նախագծի հեղինակները պնդում են, թե այն իր ռեսուրսները կորցրել է: Եթե այդպես մտածենք, ապա առաջնահերթ պետք է շատ և շատ կառույցներ ուժեղացնենք, այդ թվում՝ Զվարթնոց օդանավակայանը: Իրենց խոսքերով` տասից տասներկու մլն է պետք շենքի համար, իրականում տասն անգամ ավեի է պետք»,- հավելեց Ազիզյանը:

Ազիզյանը վստահ է, որ եթե անգամ` որպես օդանավակայն իր ռեսուրսը կորցրել է, ապա որպես հուշարձան՝ երբեք:

«Իննսուն տարի մենք կարծես թե գերի լինենք ֆինանսական ներդրումներին: Բոլոր ներդրողների մոտ էլ կա այն խնդիրը, բայց երկար քննարկումներից հետո միայն հաշվարկների միջոցով որոշում են կայացնում: Դա դեռևս քննարկումների խնդրի մեջ պետք գտնվի:
Ինչու՞ մենք մեզ աղքատացնենք: Սովետական մոդերմիզմի ամենալավագույն շենքը մերն է, չե՞ն ասի` դուք ի՞նչ վանդալիզմ եք իրականացրել, որ չկարողացաք ելք գտնել այն պահպանելու համար»,- շարունակելով խոսքը` ասաց Ազիզյանը:

Բանախոսները նաև նշեցին, որ իրենք լավատես են և կարծում են, որ Ծածկած շուկայի դեպքը չի կրկնվի, «Կլոր» շենքը կաշխատի և սեփականատիրոջ և հանրության համար:

Ազիզյանի խոսքերով` եթե պետությունը հաստատի կոնցեսիորների ցանկությունը, կկատարվի այն, ինչ կատարվեց Ծածկած շուկայի հետ:


«Փակ շուկայի խնդրի շուրջ հանրությունը ոտքի կանգնեց հենց առաջին օրվանից, պետությունն էլ միշտ անդրադառնում էր, սակայն կատարվեց այն, ինչ կաարվեց: Սա խոսում է այն մասին, որ պետությունը լավ չաշխատեց, իր գործը լավ չարեց: Իշխանության դրդիչ ուժն ըստ էության երևի թե շահն ու փողն են»,- իր խոսքում նշեց Մինասյանը:


Նրա գնահատմամբ` մենք ընկել ենք շատ մեծ գումարների, բանկերի տիրապետության տակ: Առաջ է գալիս հսկայական կարողությունների տեր մարդ, և սկսում է թելադրել:

Բանախոսները նաև վստահ են, որ սա միտումնավոր քաղաքականություն չէ և վստահությունն այն կլինի, որ պետությունն իր օղակները պնդացնելիս դասեր քաղի: