Ռուսաստանում առաջ եկած ազգայնական շարժումները նոր չեն և տարիների ընթացքում կուտակված գաղափարախոսություն են, որոնք ավելի են հզորանում և արմատանում, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ինչ որ չափով դրանք սաստել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա համոզմամբ` ռուսական իշխանությունների միջամտությունը միանգամայն հակառակ էֆեկտն է տալիս, և տեսնում ենք, որ այդ շարժումներն ուժի միջոցով կասեցնելու կամ ճնշելու նրանց փորձերն, ընդհակառակը, նպաստում են այլատյացության գաղափարների ամրապնդմանը:

«Այստեղ, իհարկե, բավական լուրջ խնդիր կա: Անկախ նրանից, թե կոնկրետ Բիրյուլյովոյի դեպքում հանցագործ ադրբեջանցի էր, թե ոչ, բոլոր դեպքերում ռուս հասարակության շրջանում տարբերակում չեն դնում` հայ, ադրբեջանցի, թե այլ կովկասցի: Այս շարժումը վերջին հաշվով վնասում է բոլորին, ովքեր արտագնա աշխատանք են անում այնտեղ: Հայերի համար նույնպես բացասական է, որոնց գործունեությունն իսկապես լուրջ դերակատարում ունի անգամ մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի վրա»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ պետք է նաև հայկական կողմն ինչ որ չափով նպաստի Ռուսաստանում այս խնդրի կարգավորմանը և որոշակի աշխատանքներ տանի այդ ուղությամբ:

«Քաղաքական առումով` չեմ կարծում, որ ինչ որ ձևով կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Վերջին շրջանում այդ հարաբերությունները վերելք են ապրում` կապված Մաքսային միությանը միանալու մեր ցանկության հետ: Այստեղ բավական լուրջ խնդիրներ կան ոչ թե ՌԴ-ում ծագած այլատյացական շարժման հետ, այլ Ռուսաստան-Բելոռուսիա հարաբերություններում կամ Ռուսատան-Ղազախստան հարաբերություններում, որոնք վերջին հաշվով կարող են լուրջ հարված հասցնել ՄՄ-ի կայացման գործին»,- բնութագրեց քաղաքագետը:

Նա նաև տեսակետ հայտնեց, որ ցանկացած շարժում առաջ կբերի հայերի վերադարձի հնարավորությունը: «Ես կարծում եմ, որ այս այզգայնական շարժումը երկու ծայր ունի` և լավ, և վատ առումներով: Վատը մեր հայրենակիցների անվտանգության վնասն է, իսկ լավը` հայրենադարձության հնարավորությունն է այս պարագայում»- նշեց քաղաքագետը: