Զորի Բալայանի նամակը չի դիտվում որպես մի քանի հոգու ցանկություն, դա գործընթաց է, որը տարվելուն և քարոզելուն ես դեմ եմ:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հրապարակախոս Զորի Բալայանի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նման տեսակետ արտահայտեց Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այդ դեպքում կողջունեի դա, սակայն ոչ թե դա մի քանի հոգու կարծիքն է, այլ դա գործընթաց է և դեմ եմ այն գործընթացներին, որոնք սկսել են տարվել և քարոզվել: Արդարանալ պետք չէ, որ ուղերձներն այդ նամակի բոլորվին այլ են: Բոլորը հասկացել են, որ խոսքը գնում է այն մասին, որ ԼՂՀ-ն ներառվի Ռուսաստանի կազմի մեջ» , - նշեց նա:
Նրա խոսքերով, անընդունելի է ցանկացած քաղաքական գործընթաց, որը երկիրը տանում է մասնատման, իսկ հասարակությանը հուսահատության գիրկն է տանում: Նա նաև նշեց, որ իր համար անընդունելի է ցանկացած այնպիսի կարծիք, որն ասում է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի կամ այլ երկրի գոյատևել չի կարող:
«Սա չեմ կարծում, որ բացառապես Զորի Բալայան հրապարակախոսի կարծիքն է, ես տեսնում եմ, որ կա հստակ քաղաքականություն այդտեղ» , - նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ում է տեսնում որպես նամակի պատվիրատու, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ կարծիքները տարբեր են, մի մասն ասում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունի, մի մասն ասում է Ռուսաստանի, մյուս մասը այլ վարչակազմին է վերագրում:
«Ես այստեղ իշխանության կողմից հակազդեցություն չեմ տեսնում: Եթե հիշում եք Զարուհու դեպքի ժամանակ իշխանությունները հակազդեցություն սկսեցին կիրառել, նույնիսկ հայտարարեցին խարույկի վրա այրել: Իսկ իշխանությունները քանի օր է լռում են, լավ է գոնե ԼՂՀ վարչապետն է պատասխան տվել», - նշեց նա:
Նրա խոսքերով, եթե իշխանությունները կապ չունեն այս նամակի հետ, ապա ինքը սպասում է մի հսկայական ալիք, որը կդատապարտի այս նամակն ու նամակի բովանդակությունը:
«Այդ ինչ նամակ է, որ բոլորը մի բան հասկացան, սակայն Բալայանը նշում է, որ դա նկատի չի ունեցել: Գրիչն այնուամենայնիվ իրենն է, սակայն այնուամենայնիվ այս ամենը ես տեսնում եմ որպես քաղաքական գործընթաց» , - նշեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, նա նշեց, որ վերջինս «սվաղեց» պատասխանը և կոնկրետ պատասխանով կամ հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկավ: