Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Զորի Բալայանի կողմից ուղղված նամակին, ասաց, որ եթե ինքը լիներ Պուտինի փոխարեն, նամակին չէր պատասխանի:
«Ինձ համար անհասկանալի է, թե սա ինչ նախագիծ է. նա պարզապես անգործ էր մնացել, որոշել էր պատմությունն ուսումնասիրել, և վերջում նամա՞կ ստացվեց: Կարծիքները տարբեր են, անգամ այնպիսին, թե Պուտինն ինքն է գրել նամակը, և Բալայանին ասել` ստորագրիր»,- ասաց քաղաքագետը` համոզմունք հայտնելով, որ Զորի Բալայանի նման քայլը չի կարող որևէ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Զորի Բալայանի նամակը նման հնչեղություն ստացավ այնտեղ արծարծված մտքերի հակասականության պատճառով:
«Կարծում եմ` Զորի Բալայանի նպատակը Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելը չէր, այլ Ղարաբաղի հայկականությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի մեջ տեղավորելն էր: Եթե անգամ դա էր, պետք է ասեմ, որ շատ անհաջող ձևակերպումներ են այնտեղ տրված, այն հակառուսական ալիքներ բարձրացրեց Հայաստանում»,-հավելեց Մելիք-Շահնազարյանը:


