Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա միաձայն որոշմամբ հաստատեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով: Թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Ըստ ժամանակացույցի, ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:
Ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մարտի 21-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Նախընտրական քարոզչությունը կիրականացվի ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը:
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն 2013 թ.-ի համար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրեր սահմանեց մայիսի 26-ը, նոյեմբերի 17-ը և դեկտեմբերի 8-ը: Դրանք բոլորը կիրակի օրեր են:
Ինչպես նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, որոշման համար հիմք է ընդունվել ԸՕ-ի պահանջը, ինչպես նաև մարզերում որոշ համայնքերի ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունների ավարտման ժամկետները:
Ըստ ԸՕ-ի, ՏԻՄ հերթական ընտրություններ, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ, իսկ ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ԿԸՀ-ն: