Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Ժառանգության կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը դիմել է Ոստիկանությանը, որպեսզի ապահովեն իր և իր ընտանիքի անվտանգությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով, նա հավելեց, որ Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել այն:

«Երբ ես տեղաշարժ եմ ունենում, նրանք ինձ ուղեկցում են: Ես Երևանում տեղաշարժվում եմ կամ ոտքով կամ մետրոյով», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չափազանված չէ ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժվելը, նա պատասխանեց, որ չափազանցության մասին խոսել չի ցանկանում, նշելով, որ տարբեր սպառնալիքներ և կոչեր են հրապարակվել և իր կարծիքով, իրավապահ մարմինները պարտավոր են ապահեվոլ իր անվտանգությունը:

«Բացի դա, պետք է սպառնալիք հնչեցնողին մեկուսացնեն, որպեսզի մյուսները  չցանկանան նման ապօրինություն անել: Ես երեկ դիմել եմ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի անվտանգությունս ապահովվի նաև ԱԺ-ի տարածքում: Դուք գիտեք, որ չորս պատգամավոր ՀՀԿ-ից սպառնալիք են հնչեցրել և դրանք հասարակական կարգի ու բարոյականության դեմ են եղել և նույնիսկ խուլիգանության տարրեր են պարունակել» , - նշեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե արդյոք այդ սպառնալիքները լուրջ են, նա պատասխանեց, որ բոլորս էլ ճանաչում ենք օրինակ Գալուստ Սահակյանին, Առաքել Մովսիսյանին (Շմայս), ծանոթ են նրանց վարքին:

«Մենք գիտենք, թե ՀՀԿ-ում ինչպիսի կրիմինալ անձնավորություններ կան և այդ վարքագիծը հայտարարությունների տեսքով հրապարակվում է և մենք դա տեսնում ենք» , - նշեց պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է միայն իր հետ այդպիսի բաներ պատահում, նա նշեց, հարցը միայն իր անձը չէ և արդեն քանի տարի է, ինչ ազատ խոսք ունեցողների հանդեպ հետապնդումներ են իրականացվում: