Հոկտեմբերի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում Երևանին նվիրված տոնակատարությունների շրջանակում կայացավ Երևանին նվիրված երգերի միջբուհական առաջին Մրցույթ-Փառատոնը:
Միջբուհական մրցույթ-փառատոնի նպատակն էր համախմբել Հայաստանյան բուհական հանրությանը մեկ ծրագրի շրջանակներում` հնարավորություն ընձեռելով դրա ներկայացուցիչներին ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական կարողությունները ներկայացնելու:
Նմանատիպ մշակութային ծրագրերը կարող են նպաստել մշակութային արժեքների տարածմանը, ազգային ոգով սերունդ կրթելուն ու մշակութային հայրենասիրական դաստիարակություն ապահովելուն: Տվյալ Մրցույթ-Փառատոնի միջոցով վերհիշվեցին մայրաքաղաք Երևանին նվիրված հին ու նոր, արդեն վաղուց մոռացված ու վերջերս ծնված երգերը` նոր շունչ հաղորդելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին:
Պրոֆեսիոնալ ժյուրին` կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, երգահան Ավետ Բարսեղյանը, Քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանի գլխավորությամբ, ընտրեց լավագույն եռյակին:
3-րդ պատվավոր հորիզոնականին արժանացավ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողուհի Անուշ Հարությունյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց նույն ԲՈՒՀ-ի ուսանողուհի Նվարդ Ղազարյանը, իսկ 1-ին պատվավոր տեղին արժանացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Վոլոդյա Աթանեսյանը:
Քաղաքապետի կողմից սահմանված էր „Լավագույն մրցանակ”, որին արժանացավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Սյուզաննա Մելքոնյանը:
Միջոցառումը կազմակերպել էր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ: