Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել է կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա փաստորեն նախագահական ընտրություններից հետո առաջին նիստն էր, բնականաբար քնարկեցինք նաև հետընտրական զարգացումների հետ կապված հարցեր, քննարկեցինք ներքաղաքական իրավիճակը և ընտրությունների արդյունքները»: Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ նիստում անդրադարձ է եղել նաև Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը: «Տեղեկացնեմ, որ կուսակցության նախագահը գործադիր մարմնի անդամներին տեղեկացրեց հանդիպման մանրամասների մասին: Ինչպես տեղյակ եք, մեկ ժամից ավել հանդիպում է տեղի ունեցել, ընդամենը կարող եմ Ձեզ համար ասել, որ նախագահի գրասենյակը արդեն ինֆորմացիա տարածել է, հիմնական մեխը, որի մասին կարող եմ խոսել, դա այն է, որ մեր երկրում բոլոր քաղաքական զարգացումները պետք է լինեն բացառապես մեր երկրի օրենսդրության և սահմանադրության շրջանակներում»:

Ապա ՀՀԿ խոսնակը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ: «Փետրվարի 18-ին տեղի ունեցան ժողովրդավարական, ազատ, արդար ընտրություններ, որի արդյունքում հանրապետության նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, սա փաստ է, որը անհերքելի է, և որևէ բանակցությունների կամ կոմպրոմիսների թեմա չի կարող լինել, որովհետև սա մեր հասարակության մեծամասնության ընտրությունն է, իսկ մենք պարտավոր ենք պաշտպանել ՀՀ ազատ քաղաքացու որոշումը»:

ՀՀԿ խոսնակը նշել է, որ նիստում կադրային վերադասավորումներին վերաբերող հարցեր չեն քննարկել: Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ն վախեցավ, այդ իսկ պատճառով Ազատության հրապարակում նախատեսվելիք հանրահավաքը հետաձգեց, Էդուարդ Շարմազանովը նշել է. «Վախենալու մասին խոսակցությունները մի քիչ ծիծաղելի են և իրականությունից հեռու են, նախ վախենալը քաղաքական կատեգորիա չէ»: