shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Աստվածատրյանը, ով աշխատում է «Լիակ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իր կողմից վարած ГАЗель մակնիշի 077 LV 61 համարանիշի ավտոմեքենան, Նորքի 6-րդ զանգվածում կայանել է խանութի մոտ և մտել գնումներ կատարելու: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Հ. Աստվածատրյանը խանութից դուրս կգար, ГАЗель-ը ինքնաբերաբար առաջ է շարժվում, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվում Շոպրանի 13 շենքի բնակիչ, 17-ամյա Էդվարդ Բաբայանը, հետո ГАЗель-ը շարունակում է առաջ ընթանալ և բախվում է բակում տեղակայված զրուցարանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Երբ գազելը բախվել է զրուցարանին, այնտեղ եղել են բակի տարեց բնակիչներ, ովքեր կարողացել են փախչել ГАЗель-ից: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

 

Լուսանկարները՝  shamshyan.com-ի