Այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ու Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պաշտպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը ներկայացրեցին օդանավակայանը չքանդելու համար անհրաժեշտ փաստեր:

 Ասրյանի գնահատմամբ` սա մեր ազգային ցավն է: Նա համարում է, որ վերջերս ջարդ է սկսվել մեր հուշարձանների նկատմամբ:

«Շենքը սովետական միության լավագույն ճարտարապետների կողմից ուսումնասիրվեց և պարզվեց, որ այն ավելի ամուր է, քան Մոսկվայի Օստանկինո հեռուստաընկերության աշտարակը: Այս խոսակցությունները տեղի են ունենում, քանի որ մեր երկրում ձեռագիր է դարձել` սկսել նախագիծ որևէ շենքում, երկար ժամանակ այն չգործածել և անունը դնել ոչ ամուր, ոչ պիտանի և հասարակությանն ու իրենց կանգնեցնել փաստի առաջ»,- հավելեց Ասրյանը` հայտնելով նաև, որ հոկտեմբերի 9-ին հանրային խորհուրդը հրավիրել է նիստ, որտեղ միաձայն որոշվել է մերժել այդ առաջարկը:

Ասրյանը տեղեկացրեց, որ առաջարկը մերժվել է նաև քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության, հանրային խորհրդի մյուս երեք ենթահանձնաժողովների կողմից ևս:

«Մենք որոշում ենք կայացրել` առաջարկել անհապաղ կասեցնել որևէ ելք և մուտք օդանավակայանի այն տարածքը, որը մտադիր է քանդել կառավարիչը, քանի որ մենք չգիտենք, թե ինչ վերաբերմունք կցուցաբերվի շենքի նկատմամբ: Որոշվեց նաև բոլոր հուշարձանները ընդգրկել պատմամշակութային հուշարձանների պահպանման պետական ցանկի մեջ: Պետք է վերականգնվի այն պատմամշակութային հուշարձանները , որոնք 90-ականներից հանվել են ցանկից»,- հավելեց Ասրյանը:
Բանախոսների հավաստմամբ` եթե անգամ լիներ խնդիր` շենքի ամրության հետ կապված, ապա դա շատ հեշտությամբ կարելի է լուծել առանց շենքը քանդելու:

Նրանց տեղեկացմամբ` Զվարթնոց օդանավակայնն ունի 100 մլն դոլարից ավելի արժեք: Եվ նարանք հարց են ուղղում` ո՞րն է ավելի գերադասելի` քիչ գումար դնել և ամրությու՞նն ապահովել, թե՞ որպես պատմամշակութային արժեք շինությունը քանդել:
«Մենք հարցումներ արել ենք Մշակույթի նախարարության հետ: Ներկայացրել ենք մեր առաջարկությունները: Վազգեն Մանուկյանի հրահանգով` ուսումնասիրվում են բոլոր փաթեթներն ու պայմանները: Հանրային խորհուրդը կնշանակի լիագումար և իր որոշումը կներկայացնի»,- ասաց Ասրյանը:

Թարխանյանի խոսքերով` կնքվել էր 30 տարվա պայմանագիր, որից անցել է ընդհամնեը 11-ը, և դեռևս 19 տարի կա, որպեսզի լրանա ժամկետը, իսկ կառավարիչն ուղղակի վարձակալ է:

«Մենք հավաստիացնում ենք, որ միանշանակ կարող է և պետք է Զվարթնոց օդանավակայանի շենքը ծառայի որպես օդանավակայան: Երկար տարիներ այն ծառայել է հայ ժողովրդին: Շենքը բացարձակապես վատ վիճակում չէ, պետք է հարց բարձրացնել` ինչպես եղավ, երբ երեսապատումն ամբողջությամբ պոկվեց, եթե պետք է ներդրում անեիք և շենքը բարեկարգ վիճակում պահեիք: Իրենց կողմից հնչեցրածն ընդհամենը 12 մլն դոլար է, եթե չի կարողանում ներդրումներ անել, ուրեմն` պարտավոր է շենքը հանձնել կառավարությանը»,- նշեց Թարխանյանը` հավելելով, որ սա քրեական գործընթաց է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

Վերջում բանախոսները հավաստիացրեցին, որ կանեն հնարավոր ամեն բան, իրենց խոսքը տեղ հասցնելու համար:
«Ես դեռևս վստահում եմ մեր կառավարությանը, բայց հասարակությունն ու մտավորականների մեծ մասը չի վստահում, սակայն ես կարծում եմ` կկարողանանք փոխել վերաբերմունքը:
Այստեղ մեծ արժեք է ներկայացնում հասարակության և ճարտարապետների խոսքը: Մենք կաշխատենք, որպեսզի մեր խոսքը տեղ հասնի»,- եզրափակեց Ասրյանը: