Հայաստանի հետ 3.5 տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը Եվրամիությունը Վիլնյուսում չի նախաստորագրի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն` ի պատասխան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շարունակաբար հնչող այն համոզմունքին, որ Ասոցացման համաձայնագիրը ինչ-որ տարբերակով, այդուամենայնիվ, նախաստորագրվելու է Վիլնյուսում:
«Ես կարող եմ մեկնաբանել այն իրողությունների մասին, որոնք մենք ունենք մեր հարաբերություններում: Նախկինում մենք ձգտում ունեինք, ընդհանուր ձգտում՝ ունենալ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Մենք ձգտում էինք նախաստորագրել այն Վիլնյուսում, և մենք բանակցել ենք այս փաստաթուղթը, մեկ միասնական փաստաթուղթը, բաղկացած երկու՝ քաղաքական և առևտրային մասերից՝ որպես մեկ փաթեթ: Այս միասնական փաթեթը հնարավոր չէ նախաստորագրել կապված այն նորության հետ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, ինչի մասին, ի դեպ, մենք բոլորովին վերջերս տեղեկացանք: Ինչպես գիտեք, Ասոցացման, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը Մաքսային միության պարտավորությունների հետ անհամատեղելի են: Այնպես որ մենք չենք կարող շարունակել, ինչպես սկզբում նախատեսում էինք և չենք կարող ստորագրել այս բանակցված Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը»,- հայտարարել է Ֆյուլեի խոսնակը։
Մանրամասները` այստեղ:


