Արդեն ավանդույթ է դարձել հոկտեմբերի 19-ը նշել որպես հրետանու օր: Այս տարի մեր հրթիռա - հրետանային զորքերի 21 տարին է լրանում:
Դժվար է պատկերացնել ժամանակակից մարտն առանց հրետանու: Հրետանին օժտված է կրակային մեծ հզորությամբ, կրակի բարձր ճշտությամբ և հեռահարությամբ, լայն զորաշարժի ունակությամբ, հակառակորդի թիկունքում տեղաբաշխված կարևոր օբյեկտների վրա կարճ ժամանակահատվածում կրակի հանկարծակի կենտրոնացման կարողությամբ:
          Մեր Զինված ուժերի հրթիռա - հրետանային զորատեսակը ծնվել է պատերազմի թոհուբոհում: Նորաստեղծ Հայոց բանակի հրետանային ստորաբաժանումների դերն արցախյան գոյամարտում դեռ սպասում է իր ուսումնասիրողին: Մի բան սակայն ակնհայտ է. արցախյան հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկը եղել է մեր հրետանավորների գրագետ գործելը:
         Ժամանակները փոխվում են, բայց Հայաստանին սպառնացող արտաքին մարտահրավերները մնում են անփոփոխ: Եվ հիմա մեր երկիրը արժանապատիվ խաղաղությունը պաշտպանելու խնդիր ունի: Ի պատասխան թշնամու սանձազերծած սպառազինման մրցավազքի մենք առաջնորդվում ենք ասիմետրիկ պատասխանի ռազմավարությամբ: Ասվածը նշանակում է, որ Հայաստանը վարում է թշնամուն «անընդունելի վնասներ» պատճառելու սպառնալիքի վրա հիմնված ռազմական զսպման քաղաքականություն: Միայն այդպես է հնարավոր կանխել մեծ պատերազմը: Այդ ասիմետրիկ պատասխանի ռազմավարության առանցքում՝ կրկին հրթիռա – հրետանային սպառազինությունն է, որն օժտված է հեռահար և ճշգրիտ խոցման հնարավորություններով:
Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումը ահռելի ռեսուրսներ է պահանջում: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր երկրի ռեսուրսները սահմանափակ են, ապա օրվա հրամայականն է՝ այդ ռեսուրսներն օգտագործել առավելագույնս արդյունավետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդ հրամայականը բանաձևում է որպես «փոքր ուժերով մեծ խնդիրների լուծում»: Ասիմետրիկ պատասխանի ռազմավարության հիմքում ընկած է հենց այդ սկզբունքը: «Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» սկզբունքի համաձայն նախատեսվում է առաջիկա տարիներին բազմապատկել մեր բանակի հեռահար և ճշգրիտ խոցման սպառազինության զինանոցը:
           «Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» սկզբունքը ենթադրում է նաև առկա հրթիռա – հրետանային սպառազինության արդիականացում: Վերջին տարիներին հայրենական ռազմական արդյունաբերությունն աշխատում է հրթիռա – հրետանային սպառազինության կառավարման համակարգերի ավտոմատիզացիայի ուղղությամբ:
Այսօր Հայաստանի ռազմական ներուժը թույլ է տալիս խաղաղություն պարտադրել թշնամուն: Վերջինս սակայն բազմապատկել է պետք: Իսկ դա անընդհատ գործընթաց է: Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքը սպառազինման մրցավազքում մեզ ապահովում է մրցակցային առավելություն:

                                                                              Դ.Սոֆիյան