ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Լենդրուշ Նազլուխյանի գործով բերված վերաքննիչ բողոքը: Այս մասին գրում է թերթը` նշելով, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել` դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները խախտելու համար:

Ըստ մեղադրանքի` զինծառայող, ավագ հրաձիգ, կոչումով շարքային Լ. Նազլուխյանը, ով 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչև 8-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ, սեպտեմբերի 7-ին` առավոտյան, նկատել է, որ շարքային Հայկ Մկրտչյանը հարթակի նստարանին քնել է: Այդ կապակցությամբ վիճել է Հ. Մկրտչյանի հետ, խախտել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները` իրենց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, անպարկեշտ կերպով ստորացնելով Հայկ Մկրտչյանի պատիվն ու արժանապատվությունը` հայհոյել է վերջինիս:

Մկրտչյանը հակադարձել է հայհոյանքը, ինչի պատճառով Նազլուխյանը ցանկացել է վրեժխնդիր լինել և Մկրտչյանին սպանելու դիտավորությամբ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել և սպանել Հայկ Մկրտչյանին, իսկ զինծառայող Խուրշուդյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել թեթև վնաս:

Լ. Նազլուխյանն առաջին ատյանի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Լ. Նազլուխյանին մեղավոր է ճանաչել: Մեղադրող դատախազը միջնորդել է նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման, սակայն դատարանը վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 18 տարի ժամկետով: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Նազլուխյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, ով վերաքննիչ դատարանում հիմնավորել է իր բերած բողոքը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին: