9-ը ամիսների ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է երկուսով, բայց դրա հետ մեկտեղ ավելացել են ճանապարհատրանսպորտային միջոցների վթարների դեպքերը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ամփոփելով ինը ամսվա տվյալները, նման տվյալներ նշեց ՃՈ պետ Արսեն Արշակյանը, հավելելով, որ վթարների դեպքերն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 128-ով, որի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ավել 164 հոգի:

Նա նշեց, որ 9 ամիսների ընթացքում Երևանում գրանցվել է 832 ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառով զոհվել է 43 մարդ, իսկ մարմնական վնասվածքներ ստացել 1044-ը:

Անդրադառնալով վթարների ավելացման պատճառներին, նա նշեց, որ դրանք հիմնականում կապ ունեն նաև Հայաստան ներկրված նոր տրանսպորտային միջոցների հետ, որոնք, բանախոսի խոսքերով հիմնականում արտասահմանյան մակնիշի են: «17000-18000 տարբեր տրանսպորտային միջոցներ են ներկրվել ինը ամսվա ընթացքում, որից 70 տոկոսն արտասահմանյան մակնիշի են , ունեն հզորություն և հետևանքները անդառնալի են լինում», - նշեց նա, հավելելով, որ վարորդները պետք է ավելի զգոն և ուշադիր վարեն իրենց կողմից ձեռք բերված տրանսպորտային միջոցները՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար:

Իսկ անդրադառնալով մգեցված ապակիներով երթևեկող մեքենաներին, նա նշեց, որ այսուհետ կիրառվելու են հատուկ չափորոշիչներ, որոնք չապահովելու դեպքում, վարորդը կզրկվի այդ մեքենան վարելու իրավունքից:

Պատասխանելով այն հարցին, որ կան օրինախախտ վարորդներ, որոնք իրենց վեր են դասում մյուսներից և չեն հետևում ճանապարհատրանսպորտային կանոններին, նա հայտարարեց. «Այս քաղաքում չկա որևէ մեկը, ով կարող է իրեն թույլ տալ առավել զգա ինձնից, ձեզնից կամ որևէ մեկից՝ կախված իր վարած մեքենայի մակնիշից կամ հարստությունից: Եթե կա տենց մեկը, ապա ես կցանկանայի իրեն տեսնել և ապացուցել, որ նա սխալ է»:

Ա. Արշակյանը անդրադառնալով համակարգում տեղ գտած թերություններին, նշեց, որ դա բնական է, իրենք էլ կարող են ունենալ թերություններ, որոնք, սակայն, շտկվում են և նրա խոսքերով, հենց դա է վկայում այն հանգամանքը, որ Ոստիկանության պետի հրամանով կարգազանց ոստիկաններն ազատվում են աշխատանքից կամ ենթարկվում տույժի:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին, նա նշեց. «Ինը ամիսների ընթացքում Երևանի ՃՈ-ից ծառայությունը ոչ պատշաճ կատարելու կամ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերվելու, վարչական իրավախախտումները կատարած անձանց չտուգանելու համար, առաջին սպայական գումարտակից ազատվել է թվով հինգ սպա»: