Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով ձվի դեֆիցիտին և թանկացմանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ այդ իրավիճակի հիմնական մեղավորները Սննդի անվտանգության պետական ծառայությունը և Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն են:

Նրա խոսքերով, այս իրավիճակի պատճառը նաև մրցակցությանն բացակայություն է: Անդրադառնալով Նոր տարվան ընդառաջ ձվի պահեստավորմանը, որն արվում է այդ ժամանակ վաճառելու նպատակով, նա նշեց, որ այս դեֆիցիտը դրա հետ կապված չէ, և դա տեղի կունենա, սակայն մի փոքր ուշ:

Խոսելով ձու արտադրող ընկերությունների քանակի և գործունեության մասին, նա նշեց, որ այժմ ձու արտադրող խոշոր ընկերությունները 17-ն են, սակայն կան նաև փոքր ընկերություններ, որոնք նույնիսկ հաշվառման մեջ չկան:
«Այդ 17-ից 6-ն են թելադրողը, դրանից երկուսն էլ հիմնական արտադրողներն են», - նշեց նա, հավելելով, որ հիմնական ընկերությունը «Իքս-գրուպ»-ն է, որ իր մեջ ներառում է մի քանի ընկերություն:
Պատասխանելով այն հարցին, թե այժմ որտեղից է ներկրվում ձուն, բանախոսը նշեց, որ իր հիշելով, այն այժմ ներկրվում է Բուլղարիայից: