Սիրուշոն եւ «Եվրատեսիլ» մրցույթից հայտնի հույն երգիչ Սակիս Ռուվասը դուետ են ձայնագրել, որը կոչվում է «See»:

 

Երգչուհին eurovision.tv կայքի հետ զրույցում պատմել է նրա հետ համագործակցության մասին եւ ոչ միայն:

 

«Հայերն ու հույները շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու բարկանում ենք, բայց լավ ուրախանալ էլ գիտենք: Հույներն ու հայերը աշխարհի ամենահին ազգերից են: Մեր երկրների ընկերությունը երկար պատմություն ունի, որն էլ եւս մեկ անգամ կդրոշմենք մեր երգով: Իմ եւ Սակիսի նպատակն է լավ տրամադրություն փոխանցել հադիսատեսին, երջանկացնել եւ ստիպել մի քանի րոպեով մոռանալ բոլոր հոգսերը»:
Երգչուհին, խոսելով Սակիս Ռուվասի մասին, նշել է, որ նա հիասքանչ արտիստ է՝ «Երկուսս էլ ներկայացնում ենք մեր երկրները, նման նվաճումներ եւ երաժշտական նախապատմություն ունենք: Մեծ հաճույքով եմ համագործակցում իր հետ»:
Հարցին, թե հնարավոր է վերադարձ «եվրատեսիլյան» բեմ, Սիրուշոն պատասխանել է՝ «Տեղյակ եմ, որ Եվրոպայում բնակվող երկրպագուներս ուզում էին «ՊռեԳոմեշ» երգը լսել մրցույթի շրջանակում: Շատ շնորհակալ եմ: Բայց հիմա լիովին այլ իրականության մեջ եմ: Մրցույթը տվեց ինձ հնարավորություն աճել եւ զարգանալ որպես արտիստ, հիմա էլ փորձում եմ շարունակել այդ ուղին: «Եվրատեսիլ»-ը մեծ ընտանիք է, եւ ցանկացած պահի այնտեղ կլինեմ, եթե կարիքս զգացվի»: